Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դերվիշը չէր տրտնջում, երբ ջաղացպանն իր աղունի հերթն ուշացնում էր։ Երկուսի զրույցը երբեմն մինչև լուսաբաց էր տևում։ Դերվիշն էլ աշխարհի և մարդկանց մասին ջաղացպանի նման էր մտածում, նրանցից յուրաքանչյուրը տարբեր ճանապարհներով խլուրդի պես համառորեն փորելով, փորփրելով հասել էին նույն բարձրության, որից շատ հարմար էր դիտել իրերն ու դեպքերի ընթացքը։

Երիտասարդ օրերի բուռն ցանկությունը՝ իմանալու, թե որտեղ է վերջանում աշխարհը, նրա հետ պատահած 10 դժբախտությունը, ջաղացը և այն բազմաթիվ մարդիկ, որոնք գալիս էին, գնում, որպեսզի մի օր էլ նրանցից մեկնումեկը չգա և մյուս եկողները ջաղացպանին պատմեն, թե ինչից նա մեռավ, ծեր ընկուզենիները, որ ամեն գարնան տերևակալում էին, պտղակալում և ուշ աշնանը դողալով տերևաթափ լինում, Մարցա ջուրը, որ գարնանը ուռչում էր, ափերից դուրս գալի, իսկ ամռանը բարակում այնքան, որ հորթերն էլ էին անցնում,-այս ամենը մի՛ խորհուրդ ունեին, մի՛ ներքին իմաստ, որ ոչ միայն վաղուց ծանոթ էր նրան, այլև ինքը մերվել էր այդ իմաստի հետ։ Վարարում է գետը, հետո բարակում, ձմեռը 20 սառչում և սառույցի տակ մռռում... Ինքն էլ ջահել էր, հիմա աշնան գիշերներին ցուրտ է զգում, և դուրեկան է կրակը, ընկուզենիներն էլ են դողում։ Ոչինչ չկա սարսափելի, ոչ ծանր կսկիծ և ոչ անսահման ուրախություն։ Շատ կածաններ կան, բայց մի լայն ճանապարհ կա, և բոլոր կածաններն էլ ի վերջո գալիս են միախառնվում այդ ճանապարհին, ինչպես Այրումի առուն Մարցա ջրին, Մարցա ջուրն էլ ով գիտե որ մեծ գետին։

․․․

Այսպես էին ապրում Կարմրաքար գյուղում:

Ունեին մի եկեղեցի և մի Տեր Նորընծա, որ այդ եկեղեցու 30 մասին պատմում էր, թե նա կառուցված է հին տաճարի ավերակների վրա և ջեյրանի կաշվից կազմած գրքից վկայություն բերում, որ դարեր առաջ «հագարացոց աշխարհից» իրենց պապերը Մարցա ջրի ընթացքով հասել են մինչև գյուղի տեղը,