Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեղմացնում էր ջարդված ազդրի վերքի մրմուռը։ Մյուսը Զրիկի ձիավորներից էր։ Նա ավելի ծանր էր վիրավորվել, և բարեկամները նրան կիսամեռ վիճակում գիշերը տարել էին գյուղը։ Գնդակը ջարդել էր մեջքի ողնաշարը։ Իսկ Մուրոն հայհոյել էր նրան.

- Հարիֆ, կռնակդ դարձրիր, հա՜... Հախն է քեզ, իմանսզ...

Այն կողմի դիրքերը լռել էին, բայց այս կողմից՝ սարսափից և անքնությունից ջղայնացած զինվորները անկարգ կրակում էին։ Նրանք սողալով, ոմանք թփերի և քարերի հետևը 10 թաքնվելով, կամաց-կամաց բարձրանում էին լեռը։ Կիսամթնում երևաց Բեղլու Վարդազարի սպիտակ ձին։ Երեք ձիավորի հետ նա սլացավ լեռան գագաթը։ Սլացավ գոռալով, աղմկելով։

Քյուրդ Մուրոն խուլ մռնչաց, երբ կիսամթնում տեսավ ձին ու ձիավորը։ Եվ մռնչալով երեսը շրջեց։ Նա հիշեց խնջույքը, Բեղլու Վարդազարի ծանր խոսքը։ Հիմա էլ նա է գրավում դիրքերը։ Այդ միտքը ծանր մտրակի նման շառաչեց։ Եվ նա ցանկացավ, որ թշնամու դիրքերից կրակեն, ձին ու ձիավորը գլորվեն։ Բայց դիրքերը լուռ էին, ինչպես քարերը։ Սպիտակ ձիավորը լեռան գագաթին կանգնել էր ու հեռադիտակով նայում էր դեպի 20 ներքև։

Բացվում էր գարնանամուտի առավոտը...

Ձյունը դիմացի սարալանջին սպիտակին էր տալիս, բայց ձորերն ու գետահովիտները սև էին։ Ձյունի ջրերը քչքչալով գնում էին, ցող շարում կանաչի վրա։ Անտառը սևին էր տալիս։ Լուսաբացի խաղաղ օդը ճեղքեց ճնճղուկների երամը, որ քարերի վրա պտույտ արեց, ապա թռավ դեպի անտառը։ Շատ հեռվում սպիտակ ծուխ էր բարձրանում։ Կաղնուտի ձորում խոզարածները զարթնել էին։

Քյուրդ Մուրոյի «ատրյադը» հևիհև բարձրանում էր լեռը... 30 Կարճ արահետներով գնում էին հետիոտն զինվորները։ Այստեղ, այնտեղ թփերի հետևը գլուխները հանում էին գյուղացիները։ Նրանցից մի քանիսը զենքով էին, իսկ մեծ մասն ուներ շամփուրներ, երկաթե լինդեր, ջուալներ, պարկեր։ Ամբողջ գիշերը նրանց խումբը ցրտից դողալով սպասել էր կռվի ելքին։