Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը, և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր՝ սապատավոր և ահռելի։

Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում։ Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը՝ Շենը իր թաղերով եղել է 10 աղմկոտ փեթակ, և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար,- եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ, և անհամար բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում էին թագավորական ճանապարհով։

Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը։ Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի 20 վաճառականի կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն՝ Բաքու և Անդրկասպյան երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներն էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին։ Այսպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ, և իզուր էր Գյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»։

Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում, և երբեմն Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր, մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օբուն, 30 եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր «Գորիսի գովքը»,- մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո′րի ագահությունը, ո′րի պարտք ուրանալը, ո′րի կաշառակերությունը և ո′րի ընտանեկան կեղտը․․․

Հատ ու կենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլինի