Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունները). «-Իսո ամի, հարուստի տունը ղոնաղ եկավ, աղքատի ուլը մորթեցին։ Տրաքոցը որ ընկավ, մենք հո էս գլխից ենք ոտան տակի կորչելու,-տխրությամբ հարեց Ունանը:

Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին...»։

Պարզվում է, որ այս հերոսը բանակից վերադարձած եղբայր ունի Խաչան անունով (մաճկալ Ունանի մասին մինչ այս նման բան չէր ասվել)։ Ապա նույն հերոսը հիշում է եղբոր վերադարձը բանակից. «Այս հիշելուց Ունանը ժպտաց»,-ասված է հեղինակային խոսքում։ Ստացվում է, որ ոչ թե Ունանը, այլ Ուհանը ունի Խաչան անունով եղբայր։ Ապա նույն տեղում միևնույն անձի մասին ասված է. «Ունանը միտք ուներ մաճկալությունը թողնելու»։ Սա արդեն վեպի սկզբից հայտնի մաճկալ Ունանին պետք է վերաբերի։

Ահա շփոթմունքի մի այլ նմուշ (էջ 199)՝ ըստ ՆՈւ-ի բնագրի.

«- Եվ սով մեծ...- կրկնեց Շուղանց Իսոն։ Ամենից շատ Ունանը սարսափեց այդ խոսքից։ Ու դարձյալ հիշեց եղբորը, իրենց մեծ տունը, երեխաներին, որոնք ճտերի նման թխսամոր հետևից վազում են, հացն ուտում այնքան ագահ, ինչքան շերամի որդը թթենու տերևները... Շաբաթը մի տաշտ հերիք չէր անում։ Եվ ի՜նչ ցորեններ կան այս տարի,- մտածեց Ունանը:- Ջաղացպանն իզուր չէր ասում, թե տարին գլխակեր է... Իմաստուն մարդ է ջաղացպանը... Միայն նա կարող է ասել, թե ինչ պիտի անել, որ Խաչանին զինվոր չտանեն։

- Յարաբ տեսնես եզինքը ջրե՞լ են,- ասաց նա բարձրաձայն, և փեշերը թափ տալով վեր կացավ տեղից, իջավ ներքև։ Նրա ականջին ընկավ Չետանց Ուհանի հարցը...

- Տերտեր, գերմանացին խաչապաշտ չի՞... -Ունանը քայլում էր ու մտածում. գերմանացին խաչապաշտ չի՞... Հա , Խաչանն էլ է ավազանում մկրտված.... Ուհանն անցավ եկեղեցու մոտով... Ու մի բան Ունանի ներսում պոկվեց...» և այլն։

Շփոթվող հերոսներից մեկը գնում է (եզինքը ջրելու), մյուսը մնում Բոլոր քարի մոտ. նա հեռանում է ավելի ուշ (էջ 204)՝ մադյանի առաջ խոտ գցելու պատրվակով։ Նա ևս մի քանի տեղ Ունան է կոչվում։ Ունան հանդիպում է նաև երիտասարդների՝ բանակ մեկնելու տեսարանում, որ «Նոր Ուղիում» տպագրված հատվածի վերջն է։

«Կարմրաքարի» հետագա վերատպություններում այս շփոթը լրիվ կա, մասամբ մնացել է։

Մանրամասն զննելով Ունան և Ուհան շփոթումների բոլոր դեպքերը, եզրակացրինք, որ այնուամենայնիվ, Խաչան անունով եղբայր և «թխսամոր հետևից վազող ճտերի նման» երեխաներով լի տուն ունեցողը մաճկալ Ունանն է, իսկ Ուհանը, իրոք, մեկ անգամ Օհան ձևով հիշատակված անձն է, նույն Չանեն ծուռ-ը և Չետանց֊ը։ Ըստ այս եզրակացության հետևյալ դեպքերում ճշտել ենք Ունան և Ուհան բոլոր շփոթումները.

էջ 181, տող 22. ՆՈւ-ի բնագրում՝ Չետանց Ունանը-ուղղել ենք՝ Չետանց Ուհանը։
էջ 197, տող 33. ՆՈւ-ի բնագրում՝ Ուհանը-ուղղել ենք՝ Ունանը:
Էջ 198, տող 14. ՆՈւ-ի բնագրում՝ Չետանց Ունանը-ուղղել ենք՝ Չետանց Ուհանը:
Էջ 199, տող 14. ՆՈւ-ի բնադրում՝ մտածեց Ուհանը- ուղղել ենք՝ մտածեց Ունանը:
Էջ 199, տողեր 21-22. ՆՈւ-ի բնագրում՝ Ուհանը քայլում էր- ուղղել ենք՝ Ունանը
քայլում էր:
Էջ 199, տող 25. ՆՈւ-ի բնագրում՝ Ուհանն անցավ- ուղղել ենք՝ Ունանն անցավ: