Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առհասարակ, Արզումանը վեպի շարունակության մեջ պետք է, որ կարևոր դեր ունեցած լինի։ Հավանաբար, նման դեր է ունեցել նաև Եգորը, որը պահպանված հատվածում թռուցիկ է պատկերված։ Վեպի հետագա մասերում պետք է դեր ունեցած լինեն նաև Տեր Նորընծան, Ավան ամին։ Ունանը, հավանաբար, հրաժարվում է մաճկալությունից։

Հնարավոր է, որ հանդես եկած լինեն նոր հերոսներ։ Օրինակ, «Զեյթայի ավերումը» կտորում կարմրաքարցի նոր հերոս է հանդես գալիս՝ կաղ Պուղանը (սա, անշուշտ, վեպի սկզբի մասում եղած Գըդըլ Պուղին չէ, ինչպես պարզորոշ կարող է նկատել ընթերցողը)։ Պուղանը Ավան ամու հանձնարարականն է կատարում, ուրեմն «նրա կողմի մարդ է»։ Իսկ թե ինչպես է Բակունցն ավարտել վեպը, իրոք, հանելուկ է մնում։

Հարց է առաջանում․ եթե վեպը 1932-ին կամ թեկուզ հաջորդ տարին ավարտված է եղել, ապա ինչո՞ւ գրողն այն հրատարակության չի հանձնել։ Արդյո՞ք դրա պատճառն այն է եղել, որ վերջին գլուխը չի բավարարել և՛ իրեն՝ հեղինակին, և՛ հրատարակչությանը, իհարկե, հակադիր պատճառներով։

* * *

Ա. Բակունցի ստեղծագործական կյանքը բաժանվում է 3 շրջանի․ ա) 1913-ից սկսած՝ 1910-ական թվականներ, բ) 1924-ից սկսած՝ 20-ական թվականներ և գ) 30-ական թվականներ՝ մինչև 1936 թ. կեսերը։ Իհարկե, այս շրջանաբաժանման սահմանները ինչ-որ տեղ պայմանական են, բայց և գրողի երկերին ծանոթ ընթերցողը կհաստատի, որ նման երեք շրջաններ, իրոք, եղել են Բակունցի՝ 23 տարի տևած ստեղծագործական կյանքի ընթացքում, և որ այդ շրջաններից յուրաքանչյուրն իր որակական առանձնահատկություններն ունի։

«Նոր ուղիում» 1929-ին «Կարմրաքարի» հրապարակված մասերը, անպայման, վերաբերում են գրողի ստեղծագործական կյանքի 2-րդ շրջանին՝ թե՛ գրված լինելու ժամանակով (1928 թ.), թե՛ բովանդակությամբ (նախախորհրդային գյուղ, հա՛յ գեղջուկների կերպարներ, մտածողություն և այլն)։ Հավանաբար, նույնը չի կարելի ասել «Զեյթայի ավերումը» հատվածի մասին։ Ամբողջության մեջ «Կարմրաքարը», թերևս, միաժամանակ երկրորդ ու երրորդ շրջաններին վերաբերող երկ է եղել։ Գուցե վեպում տեղ գտած որոշ «անմիասնականությունն» է, որ գրողը ջանացել է մշակման աշխատանքով հաղթահարել ու, գուցե, նման հաղթահարումն է, որ ավարտին չի հասցրել։

* * *

Բակունցի մյուս երկերի համեմատ «Կարմրաքարի» նախակերպարները, նախապատմություններն ու նախավայրերը որոշելը բավական դժվար է, շատ դեպքերում՝ անհնար։

Առանձին դրվագներում գրողը կարծես նկատի է առել իր մոր ծննդավայրը՝ Երիշեն (Վերին շեն) գյուղը, որը մեզ ներկայանում է բակունցյան մի շարք երկերում («Նամակ ռուսաց թագավորին», «Ձմռան մի գիշեր», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները» և այլն.- տե՛ս Երկերի այս հրատարակության 1-ին և 2-րդ