Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդյո՞ք Աբովյանին նվիրված՝ Բակունցի այս վեպը պետք է հիմնականում իր հերոսի ուսանողական շրջանի նկարագրությամբ սահմանափակվեր։ Ո՛չ, անշուշտ, և դա դյուրին է ապացուցել։ Նախքան վեպի գրելուն ձեռնարկելը և ապա վեպը գրելուն զուգահեռ գրողը մանրամասն ուսումնասիրել է Աբովյանի կյանքը, և 1932 թ. հրատարակել գիտական ուսումնասիրություն՝ «Խաչատուր Արովյանի անհայտ բացակայումը»։ Այս աշխատությունը ոչ միայն աբովյանագիտության մեջ մինչև այդ եղած ուսումնասիրություններից ամենափաստալիցն է, այլև այսօր այն ուշագրավ է նաև նրանով, որ մոտավոր պատկերացում է տալիս Բակունցի վեպի կորած մասերի բովանդակության վերաբերյալ, ցույց է տալիս, թե մոտավորապես ինչ գլխավոր մասեր պետք է ունենար վեպը, ինչպիսի զարգացում ու վախճան։

Նախ. աշխատության գլխավոր նպատակներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, եղել է Աբովյանի «անհայտ բացակայումը» ինչ-որ չափով հայտնի դարձնելը, և այդ նպատակը արտահայտված է նաև աշխատության վերնագրում։ Բնականաբար վեպում ևս պետք է գեղարվեստականորեն պատճառաբանվեր և հիմնավորվեր այդ «բացակայումը» և մանավանդ ցույց տրվեր այն: Վեպի պահպանված հատվածներում սկսված է այդ հիմնավորումն ու պատճառաբանումը, բայց դրանք վտակներ են, որոնք դեռևս լիակատար հիմք ու պատճառ չէին կարող լինել Աբովյանի «բացակայման»։ Այդ վտակները պետք է դառնային հորդահոս գետ, որը Բակունցի հերոսին պետք է մղեր դեպի «բացակայում», դեպի անվերադարձ փախուստ։ Երկի պահպանված հատվածներում չկա ոչ այդ «գետը», ոչ էլ բուն փախուստը։ Վեպի բովանդակության և դիպաշարի մոտավոր վերականգնումը ցույց է տալիս, որ պահպանված հատվածները կարող են լինել ամբողջ ծավալի՝ ամենաշատը մեկ երրորդը։

․․․

Փորձենք մոտավորապես պատկերացնել, թե պահպանվածից բացի ինչ մասեր կարող էր ունենալ «Խաչատուր Աբովյան» վեպը։ Դրա համար նախ դիմենք գրողի վերոհիշյալ ուսումնասիրությանը։

Ըստ այդ ուսումնասիրության Աբովյանը Ռուսական կայսրությունից փախել է, որի պատճառները եղել են փախուստին նախորդող ժամանակաշրջանում նրա ապրած խոր հիասթափություններն ու հուսահատությունը, հոգեկան ծանր ողբերգությունը։ Այդ պատճառները կարելի է չորս խմբի բաժանել․ ա) ցարիզմի երկդիմի քաղաքականությունը Հայաստանի վերաբերմամբ՝ 1828 թվականից հետո, բ) ցարական պաշտոնյաների անբարյացակամ վերաբերմունքը Աբովյանի անձի և գործունեության նկատմամբ, գ) հայ մտավորականության, հոգևորականների և ընդհանրապես հայ հասարակայնության մի մասի բացասական վերաբերմունքը Աբովյանի գործունեության նկատմամբ, դ) զուտ անձնական անհաջողություններն ու դժբախտությունները։

Իր ենթադրությունները Բակունցը փաստում է դիվանական վավերագրերով, ժամանակակիցների վկայություններով և այլն։ Նա շատ ապացույցներ է բերում ցույց տալու համար, որ Աբովյանի անհայտացման մասին եղած մյուս ենթադրությունները՝ ինքնասպանություն, սպանվելը Շաֆի բեկի կամ նրա որդու ձեռքով, աքսորվելը Սիբիր և այլն, հիմնավոր չեն Աբովյանի փախուստի մասին իր արած ենթադրության համեմատ։