Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բակունցը ցույց է տալիս, որ դեռ պատանեկությունից Աբովյանը ունեցել է հասարակական գործունեության հակումներ, բնավորությամբ եղել է հախուռն, հաճախ անզուսպ։

Երևանի գրավումից հետո, այդ գրավման վառ տպավորության տակ Աբովյանը էջմիածնից մեկնել է Դորպատ (1830 թ.), այնտեղից վերադարձել 1836 թ. «կես գերմանացի», ինչպես գրում է Բակունցը, եվրոպական մշակույթով, վարք ու բարքով տոգորված, աշխատանքի է տեղավորվել Թիֆլիսում։ Երևան տեղափոխվել է 1843 թվականին: «Վերք Հայաստանին» գրել է Թիֆլիսում, 1841-ին՝ 1828-ի ու դրան նախորդած տարիների պահպանվող երազանքների, նաև խանդավառության կրակով և հետո ոչ մի տող չի փոխել։ Այնուհետև, Բակունցը գրում է, որ Թիֆլիսում ապրած ժամանակ մի քանի անգամ Երևան գալը նրան հնարավորություն չէր տվել ճանաչելու հենց թեկուզ Քանաքեռը, այնպես, ինչպես նա կար գիրքը գրելու տարին։ Իսկ հետո, երբ տեղափոխվեց Երևան, երբ բազմաթիվ ու երկարատև ճանապարհորդությունների ընթացքում նա ճանաչեց երկիրը, մարդկանց, ցարական ադմինիստրացիան, նա միայն դառնացավ, հուսահատվեց, սակայն ոչ մի բառ չջնջեց այն էջերից, որտեղ նա գովաբանել էր «հյուսիսի արծվին»։ Ներսես Աշտարակեցու հանդեպ տածած խոր հարգանքը, որ զուգորդվում էր Ներսեսի պաշտպանած քաղաքականության ջատագովմամբ, փշրվեց նույն «Հայկական մարզում», որտեղ և ծնվել էր։ Այդ այն ժամանակ էր, երբ արդեն չկար որակապես «Հայկական մարզը», և նրա հետ միասին չքացել էին ազգային անկախ կյանքի «ակնկալությունները» (տե՛ս «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը», էջ 37), ապա «... անձնական շփումների և բազմաթիվ ճանապարհորդությունների հետևանքով նա գալիս է այն համոզման, որ ցարական ռեժիմը «հայոց ազգի», այսինքն՝ նախկին «Հայկական մարզի» գյուղացիության համար ակնկալած բարիքների փոխարեն բերեց կնուտ և աղքատություն» (ն. տ., էջ 57), «Խաբվել է գյուղացին և պարսկական առյուծի ճանկերից ընկել «հյուսիսի արծիվի» մագիլների մեջ, քեդխուդաների և թարխանների գյուղը չկար, սովդաքարի արշինն էր տիրապետում և սարքիարի ծեծին փոխարինել էր յասաուլի մտրակը (ն. տ., էջ 47)։

Գրողը փաստերով ցույց է տալիս նաև Աբովյանի և ցարական պաշտոնյաների բախումները՝ նախ Թիֆլիսում և ապա մանավանդ՝ Երևանում, որտեղ հենց սկզբից անտանելի հարաբերություններ են ստեղծվում մի կողմից «կոլեժսկի ասեսոր» Աբովյանի, մյուս կողմից գավառապետ Ն. Բլավացկու, ոստիկանապետ Մորոխովեցի և պետական այլ պաշտոնյաների միջև։

Այնուհետև, գրողը ցույց է տալիս Աբովյանի և հայ հասարակության միջև տեղի ունեցած սուր բախումը։ Աբովյանը նախապես լինելով Ներսես Աշտարակեցու կողմնակիցներից՝ բոլորովին հիասթափվում է Աշտարակեցու ցարամետ քաղաքականությունից, մանավանդ, որ նա մերժում է իր խնդրանքները (վանք մտնելու, աշակերտներին Ռուսաստան ու Եվրոպա բարձր ուսման ուղարկելու և այլն) և վտարում։ Դրան զուգակցվում է էջմիածինը լուսավորության կենտրոն դարձնելու Աբովյանի երազանքի վերջնական փլուզումը։ Հայ հոգևորականությունը, մտավորականությունը Աբովյանի նկատմամբ ակնհայտ անհարազատության զգացում են ունենում։

Փլուզվում են նաև Աբովյանի հույսերը՝ հայ վաճառականության ազգօգուտ գործունեության հետ կապված։ Բակունցը նշում է, որ տեսնելով հայ վաճառականների ծայր շահամոլությունը, անսիրտ նյութապաշտությունը (ն. տ., էջ 39), Աբովյանը փոխում է