Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր վերաբերմունքը այդ խավի նկատմամբ։ «Եվ Դորպատից վերադառնալուց հետո... մինչև վերջ Աբովյանը ներհակ է մնում այս խավին և նրա քաղաքական ձգտումներին» (ն. տ., էջ 57)։ Գրողն այսպես է ընդհանրացնում մի կողմից Աբովյանի, մյուս կողմից հայության երկու գլխավոր խավերի միջև ստեղծված հարաբերությունը. «Դորպատի ստուդենտը ատելի լութերական էր հայ կղերից շատերի համար, իսկ Երևանի սովդաքյարները նրան համարում էին «ժանգոտ» մարդ, համարյա կիսախելագար» (ն. տ., էջ 50)։

Առհասարակ, ակնհայտ է, որ Աբովյանի վրա առավել շատ է ազդել իր ու իր ազգակիցների միջև ստեղծված սուր հակադրությունը, անհասկացողությունները, որոնք նրա պատանեկան ձգտումների և ծրագրերի վերջնական փլուզման և առհասարակ ներքին ողբերգության գլխավոր պատճառն են եղել։

Աբովյանի դասընկերոջ՝ Ս. Նազարյանի, նամակներից քաղվածքներ բերելով՝ Բակունցը առավել ցցուն է դարձնում Աբովյանի ծայր աստիճան տագնապալի հոգեկան վիճակը. Նազարյանը ընկերոջը խորհուրդ է տալիս հայ միջավայրում «բերանը փակ պահել» (էջ 50). Նազարյանի նամակներից երևում է նաև, որ Աբովյանը նրան գրել է հայկական միջավայրից հեռանալու, հայությունից հրաժարվելու իր մտադրության մասին. «Քո՝ Տփղիսից հաղորդածը մեր հայրենակիցների վերաբերմամբ ինձ չափազանց տխրեցրեց և հաստատեց իմ՝ առաջները այդ մասին արտահայտած խոսքերը, բնական է՝ դա մի տխուր իրողություն է։ Որոմն իշխում է ոսկե գահի վրա, և հօգուտ ժողովրդի ասած բուժիչ առաջարկներին ոչ ոք ականջ չի դնում։ Լսում եմ այն հոգի ու սիրտ մաշող մեղքերի մասին, որ դու քո նամակում նկարագրել ես... Դու ասում ես՝ «Ես պիտի տուն ու հայրենիք թողնեմ և ուրիշը փնտրեմ»։ Սրանից ես կարող եմ հետևեցնել, թե որքան անտանելի է քեզ քո շրջապատը (էջ 38)։

Բակունցը ցույց է տալիս նաև, որ ամենին գումարվում են Աբովյանի զուտ անձնական լուրջ անհաջողությունները, նրան մերժում են Նազանի համալսարանում ամբիոն տրամադրել, իսկ իր ռոճիկը չնչին էր կարիքները հոգալու համար, ոչնչացնում են նրա՝ այնքան փայփայված «Նախաշավիղը», ընդհարվում է պրոֆ. Աբիխի հետ, որը հրապարակորեն կասկածի տակ է դնում Աբովյանի և Պարրոտի վերելքը Արարատի գագաթը, խոլերայից մահանում են մայրն ու եղբայրը և այլն։ Իսկ անձնականի ոլորտում ամենակարևորը ընտանեկան բախումն էր, այն սառնությունը, օտարացումը, որ առաջացել էր Աբովյանի և գերմանուհի կնոջ միջև. «Ընտանեկան կյանքը անմխիթար, որովհետև էմիլիա Լոզեն շատ հեռու էր ամուսնուն հուզող խնդիրներից» (էջ 50)։ «...Անանձնական հուսախաբությանն ավելացավ անձնական, ընտանեկան կյանքի խորթությունն ու սառնությունը։ Նրա վրա ծանրացավ մի զարհուրելի հուսահատություն» (էջ 61),— գրում է Բակունցը։

Գրողը ուրիշ շատ վկայություններ է բերում (այդ թվում Մ. Վագների, Ֆ. Բոդենշտեդի, Ա. ֆոն Հաքստհաուզենի)՝ Աբովյանի հուսահատության, հոգեկան ծանր վիճակի մասին վկայող, մեջբերումներ է անում իր՝ Աբովյանի այդ կարգի խոսքերից։ Ահա դրանցից մեկը, որ հանրահայտ է. «Որ լսում էի, թե մեկ մարդի պատիժ տվին, յա բանտը քցեցին, որ ասում էին, թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա եկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարարիցը (մինիստրիցը) մեկ թուղթ էր գալիս, որ կառավարությունիցը (դիրեկցիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէր