Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մին... Մեր գյուղում էլ կա ձեռք բռնող... Սև լինի էն օրը, որ մարդ էդ ձեռքը բռնի։ Լավ է երեխեքը տկլոր մնան, քան նրանց դուռը գնաս...

Բոլորն էլ լռելյայն հասկանում էին, թե խոսքն ո՞ւմ մասին է։ Հասկանում էին և լռում։ Ամեն մարդ իր մտքի հետևից էր ընկնում։

Բայց եթե գյուղի հիմնադրման մասին Ավան ամու և Տեր Նորընծայի վեճը համարյա ամեն տեղ կարող էր ծայր առնել, միայն լսող լիներ, Հիբանի որդիների մասին խոսք լինում 10 էր միայն սակավաթիվ խմբակի մեջ, և այն էլ եթե լսողները յուրային էին։ Օրինակ, եթե երևար Գոդին՝ լերկ երեսով, դեմքի մաշկը ծալ-ծալ ու մանրիկ աչքերով Գոդին, որ շատ քիչ էր խոսում և ինչ էլ ասեին, միայն ժպտում էր, աչքը հեռուն գցում, իբր թե չի լսում,- եթե Գոդին երևար, մեկը պիտի զրույցը հաներ ակոսից, Ունանի մաճի պես թեք գցեր, մինչև Գոդին հեռանար։

Եթե նա մոտենում էր Ունանի խոսքի վրա (իսկ Գոդին այնքան աննկատ էր մոտենում, որ մի պահ չէին տեսնում, և տեսնելուց էլ խոսողը դժվարանում էր որոշել, թե նա որ խոսքի 20 վրա եկավ),- այդ կարճլիկ, թիկունքը լայն և ոսկորը պինդ մարդը, որ ծանր արորն ակոսից այնքան հեշտ էր հանում,- Ունանը՝ խեղճանում էր, մի կողմի վրա քաշվում և ասում.

- Նստի′, Գոդի... Չես երևում... Ասում եմ էս տարվա աշունքավարը մի քիչ ետացավ։

Գոդին քթի տակ ժպտում էր, հեռուն նայում և կամաց հեռանում։ Իսկ Ունանը փշաքաղվում էր, մեջքն ավելի ամուր հենում Բոլոր քարին։

Բայց երբեմն Ավան ամու և Տեր Նորընծայի խոսակցությունը Կարմրաքարի առօրյայի մասին տաքանում էր, մանավանդ, 20 եթե նստածների մեջ երիտասարդներ էին լինում, որոնք ավելի շուտ Ավան ամու հետ էին և պաշտպանում էին նրա խոսքը, թե Կարմրաքարն ապրելու տեղ չի։

Նրանք ավելի տաք էին խոսում։

- Տերտեր, հենց թող քո ասածը լինի. էն ժամանակ քա՞նի ծուխ կար մեր գյուղում։

Տեր Նորընծան դանդաղ պատասխանում էր.