Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց հողերում ցանելով, նոր ստացած գործիքը նրանց հողերում աշխատեցնելով։ Գյուղխմբակի ունկնդիրը պիտի իմանա, որ ինքն ագրոնոմի աջ թևն է, առաջապահը գյուղում, ագրոպիոները։

Ամառային աշխատանքից հետո դարձյալ հաշվառման է ենթարկվում ստացած արդյունքը։ Եթե շարքացանք է արել գյուղխմբակի ունկնդիրը, քանի՞ ռուբլի է օգուտ ստացել, ի՞նչպես բուսավ վիկը, ախտահանած սերմացուն լա՞վ էր ծլել, թե՞ ոչ։ Այդ աշխատանքից հետո, որ կատարում են հենց իրենք՝ ունկնդիրները, ագրոնոմի ղեկավարությամբ, մշակվում է նոր ծրագիր, նոր գրույցներ՝ ավելի խորացրած, մի քիչ ավելի բարդ, քանի որ անցյալ աշնանը նրանք ձմռան զրույցների ընթացքում նախնական որոշ գիտելիքներ ձեռք են բերել։

Եթե երկու-երեք տարի խմբակը պարապի որոշ ծրագրով, ցուցադրական աշխատանքը ծավալվի նորանոր փորձեր անելով՝ մի քանի տարուց հետո այն գյուղացի երիտասարդը, այն կոմսոմոլը կամ անհատ գյուղացին, որ շարունակում էր տնտեսավարության հին ձևերը պահել, ոչ միայն նոր ձևերին անցած կլինի, այլև ամենալավ պրոպագանդիստը կլինի, զինված և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։ Ագրոնոմի գործը շատ կհեշտանա, գյուղխմբակի ունկնդիրը կդառնա այն կատալիզատորը, որ ագրոնոմի հետ միասին կքայքայի մեր հետամնաց տնտեսությունը:

Ավելի՛ն. ուշադիր և ծրագրված աշխատանք տանելու դեպքում գյուղխմբակն աստիճանաբար կվերածվի մի օրինակելի կոլեկտիվի (հողագործական, կաթնատնտեսական, նայած թե ի՛նչն է տիպիկ այդ գյուղում, ինչի՛ համար պայմաններ կան), մի արտելի, որի հիմնադրումը չի եղել միայն ընդհանուր ժողովում, այլ որն անցել է մի քանի տարվա ուսուցման բովով և այդ փորձի ընթացքում ձեռք է բերել կոլեկտիվ աշխատանքի անհրաժեշտության գիտակցությունը, օրինակելի տնտեսություն ստեղծելու անհրաժեշտ գիտելիքները:

Ահա թե ինչու՛ շատ կարևոր նշանակություն ունի գյուղխմբակը, որպես ագրոպրոպագանդայիր նոր և կարևոր ձև։