Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արազդայանի[1] փորձն ապացույց է։ Այդ շրջանում տեղավորված են նորեկ գաղթականներ՝ չորս գյուղում։ Գյուղերը նոր են հիմնում, նոր հատակագծում։ Այդտեղ կատարված է օրինակելի հողաբաշխում։ Հողի ռելիեֆը և ջրային պայմանները հնարավորություն են տալիս ամենից կատարյալ ցանքաշրջանառությունը որոշել: Բայց այդ գործը տարվել է անջատ, գյուղատնտեսական և հողաշինարարական ուղիներն իրար չեն հանդիպել, ստացված արդյունքը, իհարկե, ցանկացածից պակաս է։ Մի հողակտորում գարի են ցանում, կողքին մի ուրիշը՝ բամբակ, երրորդը խոպան է թողնում, այնինչ այդ երեք կտորն էլ, որոնք իրար հավասար են և միատեսակ, հարմար են կա՛մ գարու, կա՛մ բամբակի համքար։ Պետական միջոցներով կառուցվող այդ գյուղերում, հենց սկզբից, հարկավոր էր հողաշինարարությունը հարմարեցնել կատարյալ ցանքաշրջանառության, վերացնելով գյուղատնտեսական դաշտերի խայտաբղետությունը։ Իսկ ագրոնոմը գյուղում իր տասը հարվածից մեկն այդ խայտաբղետության դեմ է ուղղում և պատմում, թե ինչքա՜ն լավ կլինի, եթե գյուղում դաշտավարությունը կանոնավոր լինի։

Մի ուրիշ խնդիր։ Պատահում է, որ նոր գյուղում տեղավորվում են զանազան շրջաններից գաղթականներ, որոնց մի մասը բամբակագործ է, մյուսը՝ այգեգործ, երրորդը՝ ոչխարապահ։ Եվ այդ գյուղում ստացվում է Կռիլովի հայտնի առակը[2]: Նոր Արմավիրում սուրմալվեցին բամբակ է ցանում, հարևան սասունցին գերադասում է ոչխար պահել, իսկ նրա ոչխարը բամբակենին համարելով համեղ խոտ՝ արմատախիլ է անում։ Ագրոնոմի աշխատանքի մասին այսպիսի գյուղերում կաչաղակներն էլ են աղաղակում։ Հարկ չկա ապացուցելու, որ ագրոնոմի մասնակցությունն ակներև է՝ լուծելու և համայնական ժողուվի միջոցով պարտադրելու այդպիսի նոր գյուղերում այս կամ այն ճյուղով պարապելու, որն ամենից հարմար է։

Հատակագծվում են նոր գյուղեր, տնատեղեր. հատակագիծը նախատեսում է այգի, պարտեզ, հողերի այս կամ այն հեռավորությունը և այլն: Այդ ամբողջ աշխատանքի մեջ ագրոնոմի գործոն մասնակցությունը չկա։ Գուցե հարկավո՞ր է գյուղի հողերի մի մասը թողնել բացառապես ցանովի խոտերի համար, գուցե անհրաժեշտ է պարտեզների տեղն ավելի լայն թողնել, որովհետև կլիմայական և ինչ-ինչ պատճառներով խնձորն ու տանձն այդ գյուղում ավելի լավ կբուսնեն։

  1. 2
  2. 3