Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղում հենց հիմա էլ կատարվում և հետագայում էլ կատարվելու է ներքին հողաբաժանում։ Այդ աշխատանքը կատարելուց առաջ, եթե ոչ ամեն տեղ, գոնե մեծ գյուղերում կամ այն գյուղերում, որտեղ հենց այս գլխից հնարավորություն կա գյուղատնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնելու, ագրոնոմը հողաչափի կողքին պիտի լինի, գյուղի հողաբաժանման նա հավանություն պիտի տա։

Ինչի՞ մասին է աղաղակում գյուղը, եթե սխալ է արված հողաբաժանումը. կատեգորիան սխալ են որոշել, հող են պահել կամ գյուղի մոտ ընկած ապառաժներն էլ են բաժանել, կամ թե իրար մեջ բաժանել են մշակության համար այնպիսի անպետք հողեր, որոնց վրա գարնանը մի կամ երկու շաբաթ գյուղի ոչխարն արածում է, մինչև սարը բացվի։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ ոչխարների թիվն զգալիորեն պակասել է նման հողերը բաժանելուց հետո։ Եթե ագրոնոմն ակտիվ մասնակցի թեկուզ մեծ գյուղերի հողաբաշխման ժամանակ, նման դեպքեր չեն լինի, և ոչ միայն բողոքներն ավելի քիչ կլինեն, այլև հողաշինարարությունն ավելի կատարյալ կլինի։

Ի՞նչ վիճակ կա այժմ։ Մեր ագրոնոմն իր գծով է ընթանում, կարծես կատարյալ անտարբեր, թե ինչպիսի հողաբաժանում է կատարվում գյուղում։ Այդ գրությունը պիտի վերացնել։ Միայն ագրոնոմի և հողաշինարարի սերտ աշխատանքն է, որ նոր գյուղի հիմքը կատարյալ և, իրոք, նոր պիտի դարձնի։

Դժբախտաբար, համալսարանի գյուղֆակն էլ քիչ ուշադրություն է դարձնում այս խնդրին։ Ավարտում են համալսարանը որպես նեղ մասնագետներ. մեկը՝ կաթնատնտես, մյուսը՝ սելեկցիոներ, երրորդը՝ որակյալ այգեգործ, և առաջին անգամ գյուղին դիպչելիս շատերը թևաթափ են լինում, որովհետև այդ գյուղն այս տարի և մոտակա տարիներում դեռ հիմնովին հողաշինարարության կարիք է զգում։ Նորավարտ ագրոնոմը շատ լավ գիտե երկթևանիների ձախ թևի բոլոր վանդակները և թույլ ծանոթություն ունի ոչ միայն մեր հողաշինարարության, այլև հողային օրենսգրքի և մեր հողային հիմնական օրենքի մասին։ Անճարակ մարդ է նա, եթե գյուղում պիտի աշխատի և չպիտի իմանա այդ գյուղում կատարվող աշխատանքը, ինքն էլ չպիտի մասնակցի։ Իհարկե, կարևոր է ապացուցել, որ «Ցեզիում 111» ցորենը կարող է բուսել Ճաթղռանում[1], բայց եթե այդ Ճաթղռանը դեռ խճճված հողային խնդիր ունի, եթե այնտեղ նոր դաշտեր են ձևում, խանական ու ցարական

  1. 4