Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակել և սերմերով, բայց այդ միջոցը շատ աշխատանքի ու ծախքի հետ է կապված, դրա համար էլ ավելի ձեռնտու է կարտոֆիլը թաղմացնել պալարներով։

Կարտոֆիլի բերքը լավ է լինում, եթե տնկելուց մի-երկու օր առաջ սերմացուն փռում են լույս և չոր տեղ։ Այդ մի քանի օրվա ընթացքում կարտոֆիլի աչքերն սկսում են աճել, և հեշտանում է նրա աճեցողությունը հողի մեջ։

Սերմելուց հետո առաջին շաբաթներում կարտոֆիլը հողից սնունդ չի ստանում, աչքերից նոր բացվող ծիլերը սնվում ու զարգանում են պալարի մեջ եղած նյութերով մինչև արմատների ուժեղանալը։

Սերմացվի ընտրությունը շատ կարևոր է։ Լավ սերմացուն միշտ էլ լավ բերք է տալիս։

Սերմացուն ընտրելիս՝ պիտի աշխատել ջոկել այն տեսակը, որ տվյալ հողամասում առատ բերք է տալիս։ Մեզանում շատ քիչ են ուշադրություն դարձնում սերմացուն ջոկելու վրա, և ամեն տեսակի խառնուրդ լինում է նրա մեջ։

Կարտոֆիլի շատ տեսակներ կան։ Նրանք իրարից բաժանվում են գույնով, ձևով, շուտ կամ ուշ հասնելով։ Կան տեսակներ, որոնք անասունների համար լավ կեր են և այդ նպատակով էլ մշակվում են։

Կարտոֆիլի վաղահաս տեսակներ կան, որ 70 օրում են հասնում, բայց կան և տեսակներ, որ վեց ամսում են հասնում։

Միատեսակ սերմացու ստանալու համար ամեն անգամ պիտի ջոկել այնպիսիները, որոնք լավ բերք են տվել և լավ տեսակի են։ Սրանցից էլ հարկավոր է սերմացու ջոկել ու պահել։

Կարտոֆիլի տեսակներն իրարից զանազանվում են նրանով, որ տարբեր չափի օսլա են պարունակում։ Կան տեսակներ, որոնց մի փթից չորս ֆունտ օսլա է ստացվում, բայց կան և այնպիսիները, որոնցից երկու անգամ ավելի օսլա է ստացվում։

Ուրեմն՝ տեսակի ընտրությունը կախված է ո՛չ միայն շուտ կամ ուշ հասնելուց, այլև նրանից, թե ի՛նչ նպատակով են կարտոֆիլ մշակում։ Պետք է մշակել այն տեսակը, որ տեղական պայմաններում մյուս տեսակների համեմատությամբ ավելի օգուտ կտա։

Մեզանում սերմում են թե՛ մեծ կարտոֆիլ (1—2 հատը մի ֆունտ), թե՛ միջակ (ձվի մեծությամբ) և թե՛ մանր։ Սերմացվի համար պետք է միշտ ջոկել միջակ պալարներ։