Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոլեկտիվների ծրագիրը

Անցյալ աշնանը կոլեկտիվները ցանել են 800 հեկտար աշնացան իսկ այս տարի նախատեսված է 1000 հեկտար։

Այս թիվը պիտի համարել անբավարար։

Մեր կոլեկտիվներն անցյալ աշնանը թե՛ քանակով, թե՛ արտադրական միջոցներով և թե՛ աշխատանքի փորձով ավելի հզոր են անցյալ տարվա համեմատ։

Առաջին տարվա հաջողությունները օրինակ են հանդիսանում, և արդեն սկսվել է նոր անդամների ընդունելությունը։ Մի քանի կոլեկտիվներ տասնյակներով են նոր տնտեսություններ ընդգրկում։

Այս հանգամանքը առաջադրում է կոլեկտիվներին և նրանց ռայոնական միություններին ավելի ընդարձակել աշնան ցանքերի տարածությունը, ավելի շատացնել աշնավարը՝ գարնանը տեխնիկական բույսեր մշակելու համար։

Հողժողկոմատի և Կոլխոզկենտրոնի կողմից տեղերն ուղարկված նախնական պլանները կոլեկտիվներն ու նրանց ռայոնական միությունները քննության ենթարկելով՝ ընդարձակում են տարածությունները։

Ոչ մի ջանք չպետք է խնայել բարձրացնելու կոլեկտիվների աշնացանի և աշնավարի տարածության ավելացման տոկոսը։

Բերքատվության բարձրացումը հիմնական խնդիրն է

Միայն տարածության ընդարձակմամբ չի ապահովվի աշնացանի հաջողությունը։ Սերմերի զտումը, սերմացուի ախտահանումը, շարքացանը, տեսակավոր սերմացուն, պարարտացումը այն անհրաժեշտ ձեռնարկումներն են, առանց որի բերքի չափը բարձրացնել չենք կարող։

Երկու տարի առաջ հրատարակված դեկրետը, որ վերաբերում էր բերքատվության բարձրացման, նախատեսում է յուրաքանչյուր տարի բերքն ավելացնել 7 %-ով[1]։

Ի՞նչ է նշանակում այդ։

Բերենք սերմացուի զտման արդյունքը։

Մեր միջին բերքը հաշվում է մինչև 10 ցենտներ, այսինքն՝ 60 փութ։ Հայտնի է, որ սերմացուի զտելն ու ախտահանելը բերքը բարձրացնում է 10 %-ով: Այսինքն՝ 10 ցենտների փոխարեն նույն հողից, նույն ձևով վարից մենք ստանում ենք 11 ցենտներ, 6 փութ ավելի։

  1. 3