Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14. ԳՅՈԻՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

25 նոյեմբեր 1924 թ. № 57

Ս. թ. նոյեմբեր 13֊ին Ձեր շրջաբերականով հայտնում եք, որ գյուղբանկը 1925 թ. գարնան գյուղացիներին մտադիր է բաց թողնել կտավատի «долгунец» տեսակի սերմ, ինչպես և կանեփի (վուշ) սերմ։

Զանգեզուրի գավառում այդ երկու կուլտուրան որոշ անցյալ ունի։ Ժողովուրդը ծանոթ է. Բազարչայում կա բացառապես «долгунец», որից տեղական ժողովուրդը (ռուս սեկտանտները) գործում է քաթան և զանազան կտորներ։ Հայերը միայն յուղի (ձեթի) համար են գործածում և այն էլ մյուս տեսակը (лен-самосей): Բացի այդ, Բռնակոթ գյուղում մշակում են «Ղաշղա» կոչված կտավատի մի տեսակ, որ չկա մյուս գյուղերում։ Կանեփի մշակումը ևս ծանոթ է ժողովրդին. մի շարք գյուղերում ժողովրդին ցույց է տված փորձով այդ երկու բույսերի մշակման ձևերը:

Հայտնելով այս բոլորի մասին՝ խնդրում եմ հաղորդել ինձ.

1) Հնարավո՞ր է լաբորատորիայում (Երևան) Ձեր աջակցությամբ մանրազնին քննության ենթարկել մեր տեղական վուշն ու կտավատը։

2) Գավառիս մեջ այդ գործի պիոներ և լավագույն մասնագետ Հակոբ Միրաքյանին (կանեփի և կտավատի գործում նա դեռ 1907թ. ունի տեղում կատարած մի շարք փորձեր, որոնց արդյունքը արժեք ունի), նշանակել տալ գավառիս գյուղատնտեսական ինստրուկտոր, թեկուզ հենց այդ երկու մշակույթների համար։ Ես գիտեմ, որ այս խնդիրը այստեղ պիտի լուծվի, բայց Ձեր աջակցությունն այս խնդրում շատ օգտակար կլիներ և գործին արագ ընթացք կտար։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

15. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

27 նոյեմբեր 1924 թ. № 59

Բաժինս ունի մոգական լապտեր՝ յուր բոլոր պարագաներով։ Բայց չկան դիապոզիտիվներ։ Խնդրում եմ ցույց տալ հասցե, որտեղից հնարավոր է դուրս բերել այդպիսի նկարներ։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց