ղեկանալու իր աղջիկներու փափագներուն և ձգտումներուն, անոնց հարկադրեր ապրելու որոշ եղանակ մը:
— Կըսեի, Մարթա՛,— ըսավ Ռընե Սոլը,— որ այդ մարդը
բռնավոր մըն է։
— Դուն հաճախ ըսած ես մեզի, պապա, որ մարդու խոսքը
պետք է համաձայն ըլլա իր գործին, ճի՞շտ է։
— ճիշտ է,— ըսավ Ռընե Սոլը։
Անիկա մղոններով հեռու էր թափանցելե աղջկանը խոսքերուն
տակ թաքնված դիտավորությանը։
Այդ միջոցին Մարթան, որ երկու տարով մեծ էր Մարիայեն,
մտեր էր իր տասնևութերորդ տարին, անիկա հանկարծ
ֆիզիկապես զարգացեր էր և դարձեր էր շքեղ խարտյաշուհի
մը՝ կաթնային սպիտակությամբ մորթով և շեկ գանգուր
մազերով. անոր խիտ ոսկեգույն գանգուրները, առաստաղեն
կախված լամպայի լույսի տակ փալփլելով, ոսկիի փուլեր
կցանեին գլխի ամեն մեկ շարժումին։
Ռընե Սոլը այլևս բոլորովին սպիտակեր էր, և թեև անոր
անխորշոմ դեմքը պահեր էր որոշ թարմություն, անիկա
ուներ անայլայլ կեցվածքը հին նահապետի մը, որ կնախագահեր
ընտանեկան սեղանին։ Անոր փայլուն և գորշագույն
աչքերը, որոնք դեռ ակնոց չէին կրած, կսևեռեին իր անդրանիկ
աղջիկը, և բարեմիտ ժպիտը կթափառեր անոր շրթներուն
վրա։
— է՜հ, ուրեմն,— ըսավ Մարթան,— ես չեմ կարող այլևս
ապրիլ այս կյանքին մեջ, ես պիտի երթամ Փարիզ,— և Մարթան
սկսավ հեկեկալով լալ։
— Մարթա՛,— գոչեց մայրը՝ սաստելով աղջիկը։ Մարթան
դժգունեցավ և նայեցավ հորը։
Ռընե Սոլի բարեմիտ ժպիտը սառեր էր շրթներուն վրա,
և դեմքը ստացեր էր մահատիպ դժգունություն, բայց անիկա
զսպեց իր հուզմունքը և առերևույթ հանդարտ ձայնով հարցուց
աղջկանը.
— Եվ ի՞նչ պիտի ընես Փարիզի մեջ, Մարթա՛։
— Ես ի՛նչ գիտնամ,— գոչեց աղջիկը, անձեռոցը նետելով
սեղանին վրա և աթոռը դեպի ետ քաշելով,— ես ի՛նչ
գիտնամ, թե ի՜նչ պիտի ընեմ. կաշխատիմ, որևէ գործ