Էջ:Barpa Khachik.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծաղրել», ուժեղ ձևով վարվիլ, և այր ու կին բոլոր խնդիրներու լուծումը կգտնեին այդ «ուժի» մեջ, բայց թե ի՞նչ բանի մեջ կկայանար այդ «ուժեղ ձևը», դեռ որոշակի չէին ձևակերպեր…


Միհրանի առաջին այցելության իսկ Մարիա Սոլը այդ բոլորը պատմեր էր մանրամասնորեն Միհրանին և հայտարարեր էր, որ ինքը բոլորովին տարբեր գաղափարներ ունի իր քրոջմեն։ Արդեն երկու քույր գրեթե գժտված էին իրարու հետ, որովհետև ամեն առիթի Մարթան կդառնար հարձակողական և սուր ծաղրով կհեգներ Մարիայի կարծիքները։


Մարիան երկու տարի դեռ մնացեր էր իր ծնողքին հետ և հետո ինքն ալ եկեր Փարիզ։ Անիկա պատրաստվեր էր բակալորեայի քննության մասնավոր հիմնարկի մը մեջ, ուր և ուսուցչուհու պաշտոն վարեր էր։ Թե ինչքան տաժանելի եղեր էր Մարիային համար այդ ժամանակաշրջանը, Միհրանը կհասկնար այդ իր դպրոցական կյանքի հիշողություններով։ Մարիան ամոթով կպատմեր, որ կաշառքը մեծ դեր կկատարեր ժյուրիի անդամներու գնահատականներու մեջ, որոնք թեթևությամբ կանցընեին իրենց պաշտպանյալներու քննությունները կամ գաղտնապես կհաղորդեին անոնց քննության համար որոշված նյութերը։


Բակալորեայի երկրորդ մասի քննությունը հաջող կերպով անցընելե հետո, Մարիան, շատ դժվարություններու տոկալե հետո, վերջապես գործ մը գտեր էր բանքայի մը մեջ՝ որպես մեքենագրուհի։


— Այսպես է մեր կյանքը,— կըսեր ան,— երբ բակալորեայի աստիճանը չունիս, ոչինչ ես, իսկ եթե ունիս, ոչ մեկ բանի չի ծառայեր ան… այն պաշտոնը, որ ես կկատարեմ բանքայի մեջ, աոաջին գրել–կարդալ գիտցող հիմարը կարող է կատարել, բայց պետք է աստիճան ունենալ, կոնկուրսի մասնակցիլ, միջնորդություններ հարուցանել, ատամներով և ճիրաններով կռվիլ տեղ մը գրավելու համար։


Մարիան երբեմն այցելության կերթար իր ծնողքին, որ կշարունակեին իրենց կյանքը։


— Մայրս շատ հոգնած է,– կըսեր ան,– շատ կվախնամ, որ ծերության սեմին վրա անիկա ըմբոստանա հորս