Էջ:Barpa Khachik.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարտագրած կյանքին դեմ. արդեն այժմ բացահայտ կերպով կգանգատի և կափսոսա իր անցյալ տարիները, որ անցուց ինչպես խլուրդը իր գետնափոր որջին մեջ։


Մարիա Սոլի կյանքին միակ մխիթարությունը այն հասարակական գործունեությունն էր, որուն մեջ խրված էր մինչև գլուխը։ Անիկա միշտ կշտապեր, միշտ ետ մնացած գործ մը ուներ կատարելիք։ Հետպատերազմի ֆրանսիացի մտավորականներու հուզումնալի կյանքը իրեն հետաքրքրեր էր և մասամբ մասնակցեր էր անոր։ Հորը նախկին ընկերներեն շատերը մտեր էին «Կլարտեի» խմբակցության* մեջ, և ոմանք ուզեր էին Մարիան առաջ քաշել, բայց ինքը առանձին շնորհ չուներ՝ գործոն մասնակցություն բերելու համար գրական և գեղարվեստական խմբի մը մեջ։ Այսուամենայնիվ, ան սատարեր էր տարածելու «Կլարտեն» և ուրիշ նման հրատարակություններ։ Անիկա պաշտամունք ուներ Ռոմեն Ռոլանի և, մասամբ, Հանրի Ռարբյուսի նկատմամբ։ Կհետաքրքրվեր հնդկական խնդիրներով և Գանդին կհամարեր մեր ժաման ակներ ու ամենամեծ հերոսը։ Մարիան կհաճախեր Մոնպառնասի սրճարանները, ավելի շուտ ապացուցելու համար իր անկախությունը, քան թե իր ճաշակին անսալով։ Ան կատաղորեն ֆեմինիստ էր և միևնույն ատեն այնքան մեծ, բայց չի խոստովանած ձգտում ուներ որևէ առնական ուժի ապավինելու, ինչպես ճկուն բաղեղ փաթթվելու որևէ կաղնիի։


Միհրանը առաջին օրեն համակրեցավ այդ կապույտ աչքերով և ցորենի հասկի գույն մազերով աղջկանը, որուն հանդուգն արտահայտություններով տակ կզգար քնքուշ և սիրազեղ հոգիի մը բոլոր ամոթխածությունները և միամտությունները։ Մարիան կտեսակցեր ամեն տեսակի մարդոց հետ, զանազան ապականությանց և մոլորություններու անձնատուր երիտասարդներու հետ, չի հաջողած օրիորդներու հետ, մեծ գաղափարներ ունեցող, բայց ոչինչ չարտադրող գրողներու հետ, բայց այդ բոլորի մեջ ան մաքուր էր մնացեր:

___________

  • Հանրի Բարբյուսի հիմնած «Կլարաե» («Կրակ») թերթի շուրջ բոլորված

անձինք: