Էջ:Barpa Khachik.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարիա Սոլի սենյակը կուգային այդ ծանոթներեն շատերը և չորեքշաբթի իրիկունները կհավաքվեին մասնավորապես խոսելու համար օրվա հրատապ խնդիրներու վրա: Այդ բոլոր երիտասարդները և երիտասարդուհիները, կատաղորեն պայքարելով որևէ տեղ գրավելու համար իրենց ընտրած ասպարեզներուն մեջ, դեմ կարտահայտվեին, մեկ կողմե, իմպերիալիստական պատերազմին և մյուս կողմե առհասարակ որևէ «բիրտ միջոցի կիրառման», ինչպես կսեին իրենք՝ ակնարկելով Ռուսաստանի հեղափոխության: Բայց երբ Մարիան կհայտարարեր, և այդ կըներ որպես անասելի հանդգնություն, թե ինքը հիացում ուներ Լենինի մասին, ոչ ոք չէր առարկեր իրեն։ Այդ ընկերության մեջ հիմնական սկզբունք էր ոչ մեկ բանի մասին չզարմանալ, ոչինչ չմերժել, բայց և ոչինչ չընդունիլ։


Երբ առաջին անգամ Միհրանը հայտարարեց, չորեքշաբթի իրիկվան հավաքույթի մը մեջ, որ եթե անկեղծորեն դեմ էին իմպերիալիստական պատերազմին, ուրեմն և պիտի որդեգրեին, որպես պատերազմի դեմ ազդու միջոց, դասակարգային պայքարը, քաղաքացիական կռիվը, մեծ շփոթություն հառաջ եկավ։ Այդ բոլոր երիտասարդները հաճույքով և դիլետանտիզմով կսիրեին խոսիլ, քանդել գոյություն ունեցող արժեքները, մանավանդ գրականության և գեղարվեստի մեջ, բայց կզգուշանային իրենց մտածումը հասցնելու մինչև ծայրը և կընկրկեին որևէ որոշ եզրակացության առաջ։


— Ինչ պատճառով ալ ըլլա, արյուն թափելը վայրագություն է,— ըսավ մեկը։


— Քաղաքացիական պատերազմը դարձյալ պատերազմ է, մենք դեմ ենք ամեն տեսակի պատերազմներուն,— ըսավ ուրիշ մը։


Միհրանը կվիճեր, կտագնապեր, կջանար տիրապետել ամեն կողմերե բարձրացող ձայներուն, երբեմն կհասներ մասնակի հաջողության, բայց վերջիվերջո կանդրադառնար, որ ոչ մեկ արդյունքի չի հասած։ Անիկա այդ հավաքույթներուն մեջ կհիշեր հիվանդ եղած մեկ օրվան իր տենդագին երազը, երբ կփորձեր ավազով լեցված պարկեր կանգնեցնել