Էջ:Barpa Khachik.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանը նույնիսկ վիրավորեց մադամ Լենը, երբ անիկա՝ զգալով երիտասարդին անձկությունը, փորձ կըներ իր շատախոսություններով մխիթարել և կպնդեր, որ գա Յորկիին հետ կաֆե մը առնե իր սենյակը։


— Ինձ հանգիստ թո՛ղ, վերջապես,— գոչեց Միհրանը հանկարծակի, հրացայտ և կատաղի նայվածք մը արձակեով մադամ Լենի վրա։


— Ի՜նչ է պատահեր քեզ հետ, դո՛ ,— ըսավ Յորկին խոժոռելով։


Մադամ Լենը վիրավորված թռչունի պես փախավ իր սենյակը։ Յորկին գնաց ետևեն և տեսավ, որ անիկա կուլար, փոքրիկ թաշկինակով ցամքեցնելով աչքերը, որպեսզի դեռ նոր դրած ծիրը չավրվի արցունքներու խոնավութենեն:


Այդ օրերու ընթացքին Միհրանը ոչ մեկ անգամ չէր գացեր Մարիա Սոլին մոտ, առաջուց ձանձրույթով մտածելով անոր լայն բացված կապույտ աչքերուն միամիտ արտահայտության և, մանավանդ, իզուր շռայլած անմեղ պչրանքներուն վրա։ Բայց օր մը Օբսերվատուարի պարտեզներուն մեջ հանդիպեցավ անոր։ Անիկա կկրեր իր խաքի գույնի պարզ կոստյում-տայորը և ճերմակ շապիկին դարձած օձիքին տակ՝ պիոներական կարմիր փողկապը։


Մարիա Աոլը վախվխելով մոտեցավ Միհրանին, և անիկա այնքան խոնարհ էր, այնքան հլու երևույթ ուներ, որ Միհրանին սիրտը շարժեցավ գթությամբ։ Միասին գացին Մարիայի տունը, և նախքան սենյակ բարձրանալը Մարիան տվավ բանալին։


Միհրանը տեսավ, որ անոր մատները կդողային և, հակառակ երիտասարդի մերժումներուն, գնաց կողքի խանութեն թեյի համար քաղցրեղեններ առնելու։


Միհրանը մինչև ուշ ատեն մնաց Մարիայի սենյակը։ Աղջիկը եռանդով կխոսեր, Միհրանի մտատանջ լռութենեն խարազանված, և կարծես ջանք կթափեր ընդառաջ էրթալու այն առարկություններուն և գաղափարներուն, որոնք կենթադրեր, թե կարող Էին արգելք ըլլալ Միհրանի հետ միանալուն։ Անիկա վերջիվերջո խոսեցավ, թե ինքը ինչպես կըմբռնեք ամուսնությունը։