նելով,– ինչո՞ւ միտքդ կտանջես զուր տեղը։ Ոչ ոք, որքան որ գիտեմ, քեզմե չի խնդրած այդպիսի զոհողություն. երբ առիթը ներկայանա, այն ատեն միայն…
Մարիան նախ անձկությամբ, հետո աղերսանքով նայեցավ
Միհրանին, և դեռ անիկա իր խոսքը չէր վերջացուցած,
երբ անոր աչքերը լեցվեցան արցունքներով։
Միհրանը հասկցավ Մարիայի վհատությունը, և գութի անսահման
զգացում մը գալարեց իր սիրտը, այդ զգացումին
հետ և զարթնեց իր աղոտացած համակրությունը։ Անիկա
բռնեց Մարիայի ուսեն և անոր իրանը մոտեցուց իրեն. Մարիան
հլությամբ կճկեր երիտասարդին կամքին, երբ Միհրանը
համբուրեց անոր թաց աչքերը, աղջկան խոնավ թարթիչները
խտղտացուցին Միհրանի շրթունքները, և ամբողջ
մարմինեն սարսուռ մը անցավ։
Քիչ հետո Մարիան զվարթությամբ կրկին թեյ կպատրաստեր
և ավելի հանդարտությամբ, բայց վեհանձնության տենդով
բռնված՝ կվիճեր Միհրանին հետ.
— Ո՛չ, ես չեմ ուզեր պաշտոնական ամուսնություն, դուն
բոլորովին ազատ զգա քեզ. պետք չէ, որ ես շղթա մը ըլլամ
քեզ համար… և նույնիսկ, երբ այլևս ինձ չսիրես, կամ թե
ուրիշ մեկը սիրես, պետք է կարենաս ինձ թողուլ և երթալ քու
ցանկությանդ ուղիով։ Ո՛չ մեկ կաշկանդում մեր մեջ, ոչ մեկ
հարկադրություն, այսպիսով միայն մենք կպահենք մեր անկեղծությունը
իրարու հանդեպ։
Միհրանը՝ երախտապարտությամբ լեցված Մարիայի
նկատմամբ, ըսավ հուզմունքով.
— Սիրելի Մարիա՛, ես չեմ լիներ երբեք առաջինը մեր
կապը խզող։
— Ուրեմն մենք միշտ միասին կմնանք,— ըսավ Մարիան
անսահման երջանկության արտահայտությամբ և նետվեցավ
Միհրանի վիզը։
Անոնք իրար համբուրեցին ջերմ սիրով։
Յորկին շուտով անդրադարձավ, որ Միհրանի կյանքին
մեջ անսովոր բան մը կա, և զարմացած էր, որ այս անգամ
Միհրանը իր սովորության համեմատ խոստովանություններ
չէր ըներ իրեն։ Անիկա Մարիային հանդիպեցավ ալեկոծ երե–