Էջ:Barpa Khachik.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տարիներով մեր տունը ապրած է իր կաղ աղջկան հետ,— ըսեր էր Արուսյակը,— տարիներով մեր և, մանավանդ, խեղճ մորս կյանքը թունավորված է, անվերջ դրամ ստացած է հորմես, և վերջապես, հարկավ իրավունք մը ունեցեր է հայրս, որ տանը սենեթը, իր վրա դարձուցեր է։


Կյուլենցը՝ կես-ժպտուն, կես֊զարմացած, ներքնապես գնահատելով իր կնոջը ընչաքաղցությանը, որուն Արուսյակություն անունը կուտար, ըսեր էր.


— Լա՛վ, լա՛վ, թող Արուսյակությունը գոհ մնա, տունը կպահենք առանց որևէ փոխարինության, օրենքով անիկա մերն է արդեն։


Քանի տիկին Զարուհին կհիշեր իրեն ունեցած վերջին տեսակցությունը Կյուլենցին և Արուսյակին հետ, արյունը կխուժեր գլուխը և սիրտը կճնշվեր, մտածելով իր աղջկան կործանված ապագային։


Տիկին Զարուհին պատերազմի ամբողջ շրջանին հուսահատորեն կառչեր էր այն հույսին, որ Մաննիկի դեմքի գեղեցկությունը, հակառակ անոր կաղությանը, պիտի հրապուրեր որևէ վեհանձն եվրոպացի, և անիկա պիտի ամուսնանար։ Տիկին Զարուհիին համար աղջկան մը ապագան միմիայն ամուսնության մեջ էր, իսկ չամուսնացած աղջկան մայր ըլլալը կհամարեր ամենածանր նվաստությունը, որուն կին մը կարող է ենթարկվիր հետզհետե, տարվետարի, իր հաճախած բազմաթիվ ընտանիքներու աղջիկները ամուսնացեր էին, նույնիսկ կարգը եկեր էր անոնց, որ Մաննիկեն տարիքով փոքր էին և այժմ ամուսնացեր, ընտանիք կազմեր, զավկի տեր եղեր էին։ Ամեն անգամ, որ իրենց ծանոթներե մեկու մը ամուսնության լուրը լռեին, մայր ու աղջիկ կմտնեին ջղագրգռության մեջ և վերջապես կկռվեին իրարու հետ, իրարու երեսին կնետեին իրենց դժբախտության պատճառը։ Սկիզբները Մաննիկը բավական անտարբեր եղեր Էր և չէր հասկցեր մորը վհատությունը, ջղագրգռությունը և սրամտությունը, որոնք սուր տագնապի կփոխվեին այդպիսի առիթներու: Հետո աստիճանաբար ինքն ալ վարակվեր էր մորը զգացումներով, և մայր ալ աղջիկ տեսակ մը խուճապի մատնվեր էին: