Էջ:Barpa Khachik.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բախտության պատճառը։ Անիկա աստիճանաբար հրաժարեր էր իր բոլոր հավակնություններեն և այլևս կմտածեր, թե աղջիկը ամուսնանար որևէ մարդու հետ, բայց վերջապես ամուսնանար: Թող երկուքով աշխատեին և իրենց կյանքը կառուցեին: Տիկին Զարուհին՝ իր Օրթագյուղի տան մեջ փակված, շրջապատված պառավ հարևանուհիներով, տարտամորեն կզգար, որ նոր ժամանակաշրջան կսկսեր նույնիսկ Կ. Պոլսո մեջ։ Պատերազմը հիմեն փոխեր էր կյանքը։ Հին բարեկեցիկ և նույնիսկ հարուստ համարված ընտանիքներ աղքատացեր էին, և անոնց փոխարեն հառաջ եկեր էին նոր հարուստներ, որոնք դեռ երեկ անծանոթ անուններ էին և որոնք, սակայն, հետզհետե «ջուրին երեսը կելլեին» առատաբուխ նվիրատվություններով, շառաչուն գործերով։ Իրեն ծանոթ հին ընտանիքներով աղջիկներ ամեն առավոտ կերթային աշխատանքի: Անոնք իրենց ստացած «խնամյալ կրթությունը», որ իրենց օժիտի մաս պետք Էր կազմեր, կփոխանցեին վարձու աշխատանքի, և ոմանք նույնիսկ կամուսնանային իրենց աշխատանքի ընկերներու հետ, մեծ մասով գավառացի երիտասարդներու հետ։


Այս խորհրդածությունները հետզհետե սկսան մխիթարել տիկին Զարուհին և նոր տարտամ հույսեր արծարծել իր մեջ: Անոր վերջին պատրանքը եղեր Էր Ալբերը, որու մասին գովեստով խոսեր Էր Մաննիկը, բայց և իրիկուն մը անիկա հաղորդեր Էր, որ Ալբերը չէր կրնար ամուսնանալ իրեն հետ։


— Սրիկա՜ն,— գոչեր էր տիկին Զարուհին,— ուրեմն ինչո՞ւ քեզի հետ պտույտի կերթա, քեզի ճաշի կհրավիրե, քու պատիվդ փարայի մը կընե…


Այդ վերջին հուսախաբությունը կորոճար տիկին Զարուհին, երբ օր մը Մաննիկը խոսեցավ Միհրանի հետ ունեցած հանդիպումի մասին և անոր հետ ունեցած տեսարանը Ալբերի առիթով։


— Հիմար ծներ, հիմար ալ մնացեր ես,— ըսավ տիկին Զարուհին զայրույթով,— ի՞նչ պետք կար Ալբերի մասին խոսիլ Միհրանին։


Հետո, մայր ու աղջիկ օրերով խոսեր Էին Միհրանի վրա,