Էջ:Barpa Khachik.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կա գներ էր տորտ մը, փոքրիկ կարկանդակներ, բիսկվիտներ, պըտի֊ֆուրեր և խնձոր, նարինջ և տանձ։


Անոր հոգին լեցուն էր քաղցր սպասումի հուզմունքով, և միևնույն ատեն դառն համ մը կզգար բերնին մեջ: Կարծես իր ներկան և ապագան կախում ուներ այդ այցելութենեն. և միևնույն ատեն ինքզինքը կպաշտպաներ ստապատիր հույսերու դեմ։ Խնդիրը այն էր, որ մորը արծարծված ակնկալությունները թեքել տվեր էին Միհրանի համար ունեցած իր անշահախնդիր զգացումները դեպի ճշգրիտ նպատակներ: Բայց այդ նպատակներուն մերձավորությունն ալ Մաննիկին կներշնչեր ավելի ջերմ զգացումներ, քան թե իր կացության կարգավորման շահագրգռությունը։


Ժամը չորսին Միհրանը չերևցավ, ոչ ալ վեցին և ոչ ալ ութին։ Այդ բոլոր ժամանակը, երկու կիները կհուսադրվեին: երբ սանդուղներու վրա ոտնաձայն կլսեին, ականջ կդնեին։ ակնդետ կսպասեին և ահա կհուսախաբվեին։ Երբեմն Մաննիկը հուշիկ կերթար, դուռը կբանար և սեմին վրա կսպասեր: Վարի կամ վերի հաբկերուն վրա դռներ կբացվեին, և կիրակնօրյա տրամադրությամբ մարդիկ կմտնեին, կելլեին ուրախ բացականչություններ արձակելով, ծիծաղելով, խոսելով բարձրաձայն։ Այդ բոլորը ավելի սուր կերպով կհիշեցնեին Մաննիկին, որ ինքը մինակ էր և միլիոնավոր բնակիչներ ունեցող քաղաքի մը մեջ մեկը չի կար, որ հետաքրքրվեր իրմով:


«Ոչ ոքի համար թանկագին չեմ», կմտածեր անիկա դառնությամբ։


Ժամը տասնին տիկին Զարուհին՝ քենոտած և խոժոռ, հանվեցավ և պառկեցավ։ Անիկա ատելությամբ կնայեր իր աղջկանը, որպես իր անլուր դժբախտության պատճառը։ Անիկա մտադրեր էր չի զիջել նույնիսկ գանգատի խոսք մը ընելու, բայց անշարժ պառկած անկողնին մեջ զայրույթը հետզհետե կաճեր իր մեջ։ Անիկա սկսավ հեծեծել, և երբ Մաննիկը վախվխելով մոտեցավ անկողնին, մայրը հայտնեց, որ գլխուն ցավը բռնած էր և թե լավ կըներ, եթե իրեն հանգիստ թողուր:


Մաննիկը իր կարգին պառկեցավ ցուրտ անկողնին մեջ և