Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

– Ներողությո՛ւն, մոսյո Միհրան,— ըսավ ան,– ատենե մը ի վեր գլխու սաստիկ ցավեր ունիմ, երբ որ բռնե, աչքերս չեմ կրնար բանալ։


— Ես ձեզմե ներողություն կխնդրեմ, տիկի՛ն,- ըսավ Միհրանը,– ըսեր էի Մաննիկին երեկվան համար, բայց բանվորական ցույցի պատճառով ոստիկանական շղթաներ արգելք կըլլային Սենի ձախ ափը անցնիլ. երբ երթևեկությունը հաստատվեցավ, ուշ էր արդեն։


— Ներյալ է, մոսյո Միհրան,—ըսավ տիկին Զարուհին,– մենք ալ արդեն մտածեցինք, որ անակնկալ արգելք մը ունեցած եք…


Խոսակցությունը այս շեշտի վրա սկսելով, շարունակվեցավ հաշտությամբ։ Վերջիվերջո տիկին Զարուհին խնդրեց Միհրանեն, որ պահ մը դուրս գա, և ելավ անկողնեն, հագվեցավ, և երբ Միհրանը կրկին մտավ սենյակը, տիկին Զարուհին սիգարեթ մը ծխեց, ինչ ոչ կըներ բացառիկ առիթներու. հետո չևիրմե և խահվե հրամցուց Միհրանին, և Մաննիկը, որ լուռ կմնար, սկսավ թեյը պատրաստել։


— Ես ստիպված եմ շուտ երթալ,– ըսավ Միհրանը,– ժողով մը ունինք։


— է՜հ, այս իրիկուն ալ ժողովդ զոհե մեզի,— ըսավ տիկին Զարուհին,— այսչափ ատեն իրար չենք տեսեր։ Շիտակը քեզի կարոտցեր էի,— ավելցուց տիկին Զարուհին գորովանքի շեշտ մը տալով իր ձայնին,– Մաննիկին հետ հաճախ կխոսեինք քու վրադ։ Ի՜նչ եղավ, ո՞ւր է, ինչո՞վ կզբաղի, կըսեինք իրարու։


Մաննիկը, լսելով մորը կեղծ սիրալիրությունները, խորապես կամչնար, կարծես գլխեն վար տաք ջուր կթափեին. անոր այտերը կարմրեր էին, և քունքերուն վրա անձկության քրտինքը կբողբոջեր։ Միհրանը նայեցավ Մաննիկին և անկեղծ բարեկամական զգացումով լուռ ժպտեցավ անոր։


— Ես ինքս կցավիմ, որ չեմ կրնար երկար մնալ,—ըսավ Միհրանը,- բայց կրկին և շուտով կուգամ։ Այս իրիկուն Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի պատրաստության համար ժողով մը ունինք, իմ ներկայությունս անհրաժեշտ է: