Էջ:Barpa Khachik.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼՈԻԽ ՈԻԹԵՐՈՐԴ

                      ՍԵՆԱՅԻ ԱՓԻՆ ՎՐԱ

Ցույցի կիրակիեն հետո Միհրանը և Յորկին հաճախ բացակայեցան Մըդոնի իրենց կիրակնօրյա այցելություններեն։ Թեև անոնք նախազգուշացուցեր էին, բայց Բարպան և Վիկտորյան կհուսադրվեին և հետո հուսախաբ կըլլային ու կիրակին կանցընեին տխրությամբ։ Վիկտորյան զգալի կերպով նիհարեր էր և հաճախ կհազար գիշերները, մանավանդ, անիկա կունենար շնչարգելություն և կհարկադրվեր, նույնիսկ ցուրտին, կամացուկ անցնիլ մյուս սենյակը և պատուհանը բանալով քիչ մը շունչ առնել։ Բարպան թեև կանդրադառնար, որ Վիկտորյան բան մը ուներ, բայց այնքան վարժված էր տեսնել իր արի կինը ամեն կարգի դժվարություններու տոկացող, որ խորապես չէր մտահոգվեր։


Անիկա խորասուզվեր էր ընթերցումներու մեջ։ Ցույցի օրեն ետքը Բարպան լրջորեն հետաքրքրվեր էր բանվորական շարժումով և Յորկիեն և Միհրանեն խնդրեր էր տեղեկություններ։


Երիտասարդները ոչ միայն սիրով կպատասխանեին և մանրամասն կլուսաբանեին Բարպան, այլև համապատասխան գրականություն կհայթայթեին անոր։


Ամեն իրիկուն, գործատեղիեն դուրս գալե հետո, մինչև ընթրիքի ժամը, և երբեմն ալ կիրակի օրերը, ժամը երկուքեն հետո, Բարպան կերթար Սեն֊Միշելի սրճարանները։ Այնտեղ, հաճախ, Բարպան բուռն վեճի կբռնվեր։ Բարպան կհանդիպեր մարդոց, որոնք երբեմն համաձայն կգտնվեին իրեն հետ ինչ