Էջ:Barpa Khachik.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարիան, ընդհակառակը, հմայված էր այդ երիտասարդեն։ Անոր ամեն մեկ խոսքը հուզեր էր զինքը, և անիկա իր կապույտ աչքերով հիացումով կնայեր անոր համակրելի դեմքին։ Մարիան, այդ երիտասարդին առած քայլը՝խզվել իր ընտանիքեն, կհամարեր հերոսություն։ Միևնույն ատեն Մարիան կզգար մայրական խանդաղատանք այդ երիտասարդին համար, որուն շուրթները դեռ պահեր էին շփացած պատանիի դժգոհ արտահայտությունը։


Երբ Բարունակը Միհրանին սեղանին մոտեցավ, Մարիան անմիջապես սեղմվեցավ և իր ու Միհրանի աթոոներուն քով տեղ բացավ անոր։


- Դուք Բարունակ Սարյա՞նն եք,— հարցուց Միհրանը,և երիտասարդին հաստատական պատասխանին վրա, ավելցուց, — կարդացի ձեր նամակը, ներեցեք, որ ավելի շուտ չի կրցա ձեզ ժամադրություն տալ, երեկույթի գործերը և ուրիշ ստիպողական գործեր իմ ժամանակս գրավեցին գիշեր-ցերեկ։ Գոհ եմ, սակայն, որ ձեզ հանդիպեցա, վաղը իրիկուն, ժամը ութին կհանդիպինք Կլյունի սրճարանը։ Կհարմարի,- ձեզ այդ ժամը և տեղը։


- Ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ,— ըսավ Բարունակը, և անիկա անհանգիստ Էր կարծես զինքը տանջող մտածումով մը. վերջապես, ճիգ ընելով իր վրա, արտահայտվեցավ։— Կհուսամ, որ ինձ դեմ չեք նեղացած,– ըսավ ան։


- Ո՛չ, իեչո՞ւ,— ըսավ Միհրանը զարմացած։ -— Որովհետև ձեզ դեմ խոսեցա։ - Չէ՞… Է՞,—բացականչեց Միհրանը և խրախուսելու համար երիտասարդը, ձեռքը դրավ անոր ուսին և դեմքը դարձնելով, ժպտեցավ բարեկամաբար:


Բարունակ Սարյանը, սակայն, առանձնապես երախտապարտ Էր Մարիային, որ Միհրանի կողքին տեղ տվեր Էր իրեն, անիկա դարձավ դեպի Մարիա Սոլը և անունը հարցուց. և այլևս մինչև վերջ անոնք խոսակցեցան իրարու հետ և նույնիսկ մտերմացան։ Մարիան իր հասցեն տվավ երիտասարդին և հրավիրեց իր մոտ հետևյալ օրն իսկ, առավոտյան ժամը տասնեն — տասնմեկ։