Էջ:Barpa Khachik.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Իրար չեն ճանչնար, բառին իսկական առումով, իրար հետ կողք-կողքի չեն պայքարիր և վտանգներու մեջ… սա լավ չէ… ես ունիմ արտիստ ընկերներ, նկարիչներ, արձանագործներ, որոնք տոգորված են հեղափոխական գաղափարներով, որոնք անհաշտելի ատելություն ունին կապիտալիստական հասարակարգի դեմ, որոնք շատ ճիշտ կըմբռնեն իմպերիալիստական պատերազմի բուն պատասխանատուները, բայց կապ չունին իրենց երկրի պրոլետարիատի հետ, որ գործնականապես կպայքարի այդ նույն ոճրագործներու և ամեն տեսակի շահագործողներու դեմ… Կապ չունին… հետապնդելով նույն նպատակները, չեն կարողանար միացնել իրենց ուժերը…


Միհրանը ի փոխարեն հիշեցուց և նկարագրեց, թե ինչպես Թուրքիայի մեջ բժիշկներ, ուսուցիչներ, փաստաբաններ, արտիստներ, գրողներ կաշխատեին բեռնակիրներու, բանվորներու, գյուղացիներու հետ։


-Այդ ես գիտեմ և պատմեր եմ իմ ընկերներուս,- ըսավ Յորկին,— ատիկա թերևս հետևանք է այն բանին, որ կոմունիստական գործունեությունը վերին աստիճանի գաղտնի է այնտեղ… Բայց այստեղ ալ այդ միացումը սկսած է կատարվիլ։ Ահա թե ինչու,— ավելցուց Յորկին,— ես դժգոհ չեմ, որ իմ կյանքի հատուկ պայմանները ինձ կհարկադրեն աշխատիլ արդյունաբերական շատ կարևոր կեդրոնի մը մեջ, ուր ոչ միայն մոտեն կծանոթանամ բանվորական կյանքին, սերտ կերպով շաղախված եմ աշխատավորության հետ, այլև, իբրև արտիստ, ես այնտեղ կստանամ այնպիսի ներշնչումներ, կտոգորվիմ այնպիսի զգացողություններով, որոնք անհնարին էր ստանալ, երբ ես, լավագույն դեպքին, ուշադիր դիտողի և հանդիսատեսի դերի մեջ մնայի։


Այն ատեն Միհրանը ամչնալով և կարմրելով հայտնեց, թե ինքն ալ գրական փորձեր կատարած է և թե կուզե նվիրվիլ գրականության, բայց այդ մասին, բացի Ռեմզիեն, ոչ ոքի չէր խոսած, նույնիսկ Բարպային և Վիկտորյային։


Յորկին համակրանքով ժպտեցավ Միհրանին, հետո ըսավ.