Էջ:Barpa Khachik.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազատ չէր, ենթարկված էր իր ստորադասյալին։ Բարպան ոստիկանապետի վերաբերմունքեն զգացվեցավ։ Պատահած անիմաստ դեպքը, որուն համար խստորեն ինքզինքը կմեղադրեր, սպասման երկար և ճնշող ժամերը, ֆիզիկական հոգնությունը, մաքուր օդի պակասը, այղդ բոլորը միացած, ընկճեր էին Բարպան։ Անիկա դարձավ ոստիկանապետին և փխրուն ձայնով ըսավ.


— Ես կընդունիմ, որ իմ վարմունքը անվայել էր… — Ա՜ հ, կընդունի՜ք…—ըսավ պաշտոնյան հեգնությամբ։ — Լա՛վ, թողե՛ք, որ խոսի, — միջամտեց ոստիկանապետը: Բարպան խոր արհամարհանքով նայեցավ պաշտոնյային և դառնալով ոստիկանապետին՝ շարունակեց. — Բայց կխնդրեմ, որ մտնեք իմ դրությանս մեջ. ստի¬ պողական գործ ունեի… Պաշտոնյան, կարծես, օդին մեջեն որսաց Բարպային խոսքերը։


— Ի՛նչ գործ ունեիք,— հարցուց ան և երկար ու նիհար բազուկները ծալելով կուրծքին վրա, սպասեց պատասխանին։ — Իմ աշխատած տեղս,— ըսավ Բարպան, միշտ դառնալով դեպի ոստիկանապետը։ — Ուրեմն վճարված աշխատանք կկատարե՞ք,— հարցուց պաշտոնյան՝ աչքերը քթթելով։ — է՜հ, լա՛վ, մի՛ ընդհատեք,— դարձյալ միջամտեց ոստիկանապետը։


— Բայց, բայց…— ըսավ պաշտոնյան, զայրույթեն գրեթե կակազելով։ Անիկա սեղանին վրայեն վերցուց Բարպային ինքնության թուղթը, բացավ էջ մը և ցույց տվավ երկու էջերուն վրա տարածված և կարմիր մելանով դրոշմված բառերը՝ «Այս քարտը կրողը վարձքով աշխատանք ընելու իրավունք չունի»։


Բարպան այդ գիտեր, բայց որովհետև ո՛ չ պարոն Ռաուլը և ոչ ալ հայրը իր ժամանակին չէին հետաքրքրված այդ խնդրով, նույնիսկ անգամ մը պարոն Ռաուլը ըսեր էր, որ այդ օրենքը անարդար և անիմաստ կհամարեր, Բարպան այլևս չէր մտահոգվեր։ Իսկ այդ պահուն, տեսնելով պաշտոնյային չարախնդությունը, ըմբոստացավ և հոնքերը խոժոռելով ըսավ.