Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներու խումբերը, որոնցմե չի կային Ալմայի թաղամասին մեջ, Լատինական թաղին մուտքի փողոցներուն մայթերուն եզերքը կանգնած էին անայլայլ, գլխարկները վեր նետած իրենց ճակատներու վրա և դիտելով քաղաքացիներու անցուդարձը։


Բարպան դեռ չէր հասեր խռնված բազմության մոտ, երթ ոստիկանական շղթա մը, որ հանկարծ կազմվեցավ ամբողջ փողոցի լայնքին, արգիլեց իր և ուրիշ անցորդներու ճամփան։ Բարպան սպրդեցավ Մեդըսինի փողոցը, անցավ Ռասին փողոցը և դուրս եկավ Սեն-Միշելի վրա՝ «Սուրս» սրճարանին դիմաց։


Սրճարանին մեջ բոլոր սեղանները բռնված էին, և ոմանք ալ դեռ կանգնած մնացեր էին։ Բարպան տեսավ Աստիկ աղան, որ նշանացի զինքը կհրավիրեր։ Նա տեղ բացավ Բարպային իր նստարանին վրա։


- Ամա՛ն, ճանը՛մ,— ըսավ ան, դեռ Բարպային բարևը չառած,– շունի պես կատղեր են, ամեն օր բան մը իճատ կընեն։


- Ինչպե՞ս թե շունի պես կատղեր են, որի համար ես,– ըսավ Բարպան շառագունելով։


- Հա՛, ճանը՜մ, մոռցա, որ դուն բոլշևիկ ես,– ըսավ Աստիկ աղան՝ թափ մը տալով Բարպայի ուսին, և հետո ավելցուց.— մենք աս բոլորին մեջ առնելիք– տալիք մը չունինք, մենք մեր օրվա հացին ետևեն վազող մարդիկ ենք… Է՜հ, ի՞նչ լուր կա մեր պատվական Հայաստանեն։


Ատենե մը ի վեր լուր կշրջեր, որ Հայաստանը պիտի ընդուներ ֆրանսահայ ներգաղթողներու խումբ մը։ Աստիկ աղան կմտածեր այդ ներգաղթներուն հետ երթալ Հայաստան։ Անիկա անկեղծորեն համոզված Էր, որ ներգաղթողներու ցանկին մեջ անցնելու համար իրմե արժանավորը չի կար։


- Ո՞ւր պիտի գտնեն ինձի պես հայրենասեր մարդ։ Ես մինչև մազերուս ծայրը հարազատ հայ եմ,— կըսեր անիկա։


Բայց Աստիկ աղային Հայաստան երթալ ուզելուն իսկական պատճառը իր «հայրենասիրությունը» չէր։


Հնչակյան թերթը առայժմ դադրեր էր հրատարակվելն, թեև հայ տպագրական գործը աճեր էր գաղութին մեջ՝ նոր