Էջ:Barpa Khachik.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծը և մեկուսանալով Բարպային հետ, անոր բացատրեր էր իրենց տված խորհուրդին իմաստը։


- Պետք է հասկնաք, ընկե՛ր,- ըսեր էր ան,– որ դասակարգային թշնամու պահապան շուները մեզ կխփեն մեր ամենեն թույլ կողմեն։ Եթե դուք ցույցի միջոցին ձեռք անցնիք, ձեզ կվտարեն երկրեն, առանց որևէ պատճառաբանության։


Բարպայի դեմքին վրա երևցավ հուսախաբություն։ Երիտասարդը այդ հասկցավ և ավելցուց.


- Դուք, օտարական ընկերներդ, մեր պահեստի ուժն եք։ Երբ գա այն օրը, երբ պետք է մտնենք վերջնական պայքարի, երբ այլևս խնայելու բան չի մնա, երբ զենքը ձեռքին իջնենք փողոց… այն ատեն…


Երիտասարդը իր կապույտ աչքերով ժպտեցավ Բարպային։


- Այդպիսի օրվան մեջ ես գոհ կըլլայի ձեզ նման ընկեր մը ունենալ իմ կողքիս,- ըսավ ան Բարպային։


Այսպես մտածելով և հիշելով, Բարպան շարունակեց իր ճամփան նեղ փողոցներե և հասավ Բաստիլի թաղը։ Անոր նպատակն էր առնել Բոմարշեի բուլվարը և բարձրանալ դեպի Մեծ բուլվարները։ Բայց տասներկուերորդ թաղամասը կփրփրար եռացող կաթսայի նման։ Բարպան դեռ հեռուեն լսեց կուտակված բազմություններու ժխորը և «Ինտերնացիոնալը», որ կսկսեր և կընդհատվեր անվերջ։ Հեղափոխական երգը, կարծես թե, բիրտ հարվածներով կենթարկվեր դադարներու, բայց տարբեր խումբեր կշարունակեին անոր հանկերգը։ Կողմնակի և գարշահոտ փողոցի մը մեջ, մայթին վրայեն դանդաղորեն հառաջանալով, Բարպան կջանար դա¬ տել կացությունը, երբ հալածված մարդկանց խումբ մը խուժեց այնտեղ: Ասոնք իտալացի բանվորներ էին, որոնք մեծ թիվ մը կկազմեին այդ թաղին մեջ։ Ցուցարարները իրար հետ կխոսեին հապճեպով և հնչուն բառեր արձակելով։ Նիհար և թուխ երիտասարդ մը, որ կարմիր դրոշակը կկրեր, կարծես հանկարծ սայթաքեցավ և ինկավ։ Անիկա ոտքեն վիրավորված էր։ Այդ միջոցին իսկ ոստիկանները՝ մահակները բարձր բռնած, խուժեցին իտալացիներու վրա։ Բարպան ծռեցավ.