Էջ:Barpa Khachik.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատին վրայեն դեպի այդ կողմի քունքը կհոսեին տաք և թանձր արյան կաթիլներ։ Բարպան հազիվ նշմարեց դիվահարի շարժումներ իր գլխուն վերև, ոռնացող բերաններ, սպառնական կզակներ և սրունքներ, սրունքներ, սրոնքներ:


Բարպան անգամ մըն ալ բացավ ողջ աչքը և տեսավ կապույտ երկինքը, որուն վրա ճերմակ ամպի ծվեն մը կսահեր, կարծես բազկատարած: Բայց թե՛ երկինքը, թե՛ ամպի ծվենը հանկարծ դարձան գլխապտույտ արագությամբ, և ամեն ինչ ընկղմեցավ անէության մեջ…


Երբ Բարպան սթափվեցավ, չի հասկցավ, թե ուր է։ Կարծեց, որ ձերբակալված է և թշնամիներով շրշապատված։ Ան ամբողջ մարմնին մեջ ցավեր կզգար և կտնքար։ Այդ միջոցին անծանոթ երիտասարդ մը մոտեցավ անոր և դեմքը մոտեցուց Բարպայի դեմքին։ Երիտասարդը կժպտեր և նայվածքովը կհարցուփորձեր։ Բարպան, որուն մեկ աչքը կապված էր վիրակապով, ողջ աչքը բացավ և նայեցավ, ու այդ պայծառ դեմքը երևցավ իրեն գերմարդկային գեղեցկությունով:


Բարպան ուզեց խոսիլ, բայց բառերու տեղ անորոշ աղմուկ մը դուրս եկավ շրթներեն։ Անիկա, կարծես, համակերպեցավ և լռեց, և երբ երիտասարդին դեմքը բարձրացավ և հեռացավ, Բարպան աչքը փակեց։ Քիչ հետո քաղցր ձայն մը կմրմնջեր ականջին՝ «Ընկե՛ր, ընկե՛ր»: Բարպան կրկին աչքը բացավ և տեսավ նույն երիտասարդը՝ ձեռքը բաժակ մը բռնած, ուրկե շոգի կբարձրանար։ Բարպային կթվեր, որ իր վտանգված կյանքը դյուրաբեկ թելով մը կապված էր այդ երիտասարդին հետ, և նայվածքովր կկառչեր անոր։


Երիտասարդը ազատ ձեռքը դրավ Բարպայի գլխին տակ և թեթև մը բարձրացուց։


- խմեցե՛ք,— ըսավ ան և բաժակը մոտեցուց Բարպայի շրթունքին։


Բայց Բարպայի կզակն ալ կապված էր, և շրթները ծածկված էին բամբակով և վիրակապով։


— Լիզե՚թ, Լիզե՚թ,— կանչեց երիտասարդը։ Բարպան աչքը ակամա հեռացուց երիտասարդեն և տեսավ, որ շիկահեր և մեծղի աղջիկ մը կուգար իր կողմը։