Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ելան շուրջկալեն։ Արագ-արագ քալելով, անոնք հասան Մոնպառնաս և վերցուցին առաջին անցնող տրամվայը, որ կերթար Լիոնի կայարանը։


Մարիան և Միհրանը իջան Օռլեանի կայարանի առաջ, մտան այնտեղ և գացին նստեցան բյուֆետի մեկ խաղաղ անկյունը։


— Օ՜, լա՛, լա՛, լավ ազատվեցանք,— ըսավ Մարիան։ — Ինքնության քարտս իրենց մոտ մնաց,— ըսավ Միհբանը։


— Այդ ճիշտ է, ինչպե՞ս ընենք։


— Ինձ կվտարեն այս երկրեն,— ըսավ Միհրանը,- իսկ այսօրվա փախուստս աժան չի նստիր ինձ։


Անիկա իր աչքի առաջք կբերեր իր ստանձնած գործերու ցանցը և խոր ափսոսանքով կմտածեր, որ անոնցմե շատերը կիսատ պիտի մնան։ Անշուշտ, ուրիշները կփոխարինեին իրեն, բայց ավելորդ ժամանակ կկորսվեր մինչև մտնեին գործերու ընթացքին մեջ։ Ամենեն լավը այն կըլլար, որ որոշ ժամանակ թաքնված մնար և անլեգալ ապրելով, իր ընկերներուն տեղեկացներ գործերը և հետո թո՛ղ պատահեր ինչ որ պիտի պատահեր… Բայց ո՞ւր թաքնվեր։ Անշուշտ, իր ընկերները կհոգային այդ մասին. անլեգալ ապրող շատերը կային թե՛ ֆրանսիացիներու և թե՛, մանավանդ, օտարականներու մեջ, բայց այժմ անմիջապես պետք էր վճռել, թե գիշերը ո՞ւր պիտի անցըներ։ Միհրանը ո՛չ կարող էր Մըդոն երթալ և ոչ ալ Մարիայի սենյակը։ Իսկ իր ընկերները այդ ժամուն ո՞վ գիտե ուր էին և ինչ վիճակի մեջ։ Իսկ անոնք գտնալու համար պետք էր, որ երթևեկեր քաղաքին մեջ, որը խիստ վտանգավոր էր, կարելի էր մեկ նոր ուռկանի մեջ իյնալ և այս անգամ առանց ինքնության թուղթի։


Միհրանը՝ խահվեն խմելով, իր մտածումները հայտնեց Մարիային։ Անիկա լսելե հետո ուշադրությամբ, ըսավ հանկարծ.


— էտամպ երթանք, հորս մոտ։


Մարիան բացատրեց, որ անմիջապես ինքը խորհեր էր էտամպի մասին, բայց չէր համարձակեր առաջարկել։

Բարպա Խաչիկ