Էջ:Barpa Khachik.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուն, որուն հետ կարող էր խոսիլ, մեկը որուն հետ կարծեր էր գաղափարակից ըլլալ, այլև տիկին Սոլը սիրեր էր այդ նիհար և համակրելի դեմքով երիտասարդը, որ, կարծես թե, մայրական խնամքի պետք ուներ։ Բացի այդ, տիկին Սոլը կմտածեր, որ երիտասարդը, քանի որ փախստական էր, երկար ատեն պիտի մնար իրենց հետ և ոչ միայն, ուրեմն, իրենց անտանելի առանձնությանը պիտի խզվեր, այլև առիթ պիտի ըլլար, որ Մարիան հաճախ գար իրենց մոտ։


Կայարանն վերադարձին, տիկին Սոլը նեղացավ Միհրանին վրա, ըսելով, թե շատ քիչ բան կերեր էր իր սարքած ընթրիքեն, և վերջապես, պնդումներե ու մերժումներե հետո, երեքով բարձրացան սալոնը «ավելի խոր ծանոթանալու համար իրար հետ»։


Բայց տիկին Սոլը, կես ժամու չափ խոսակցության մասնակցելե հետո, գնաց Միհրանին սենյակը սարքելու, անիկա քիչ հետո կրկին եկավ՝ ըսելու իր ամուսնույն, որ փայտ պետք է, որովհետև անբնակ մնացած հյուրի սենյակը ցուրտ էր։


Հակառակ որ Միհրանը կըսեր, թե ավելորդ է կրակ վառել, այր ու կին կպնդեին այդ անհրաժեշտության վրա։


- Այստեղ քաղաքի նման չէ,— կըսեր տիկին Սոլը,— երեկոները ցուրտ և խոնավ կըլլան՝ մինչև հունիս ամիսը։


Երբ, վերջապես, Միհրանը իր սենյակը քաշվեցավ, խորապես հուզվեցավ՝ անդրադառնալով այդ զարմանալի և անմեղ մարդկանց իր հանդեպ ցույց տված հոգածության։


Մասնավոր ճաշակով և խնամքով սարքավորված էր այդ «Հյուրի սենյակը», ուր, թերևս, երբեք իրմե առաջ հյուր չէր մտած։ Այր ու կին մարդկանց մասին իրենց ունեցած կարոտը արտահայտեր էին այդ սենյակը դարձնելով հյուրընկալ։


Հարդի գույն, տպածո պաստառով պատերը ծածկված այդ սենյակը միջին մեծություն ուներ։ Մահճակալը դրված էր խորշի մը մեջ, որուն մուտքը փակված էր ճերմակ ժանյակե վարագույրներով։ Սենյակին մեջտեղը դրված էր ակաժուից բոլորակ սեղան մը՝ հղկուն մակերեսով, որուն մեջտեղը, ասեղնագործված փոքրիկ սփռոցի մը վրա, դրված էր կապույտ հախճապակյա ծաղկանոթ մը՝ եղանակին հա¬