Էջ:Barpa Khachik.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուկ գույնզգույն վայրի ծաղիկներով։ Երկու պատուհաններուն մեջտեղ դրված էր գրասեղան մը։ Վարդագույն մետաքսե լուսարգել մը կամփոփեր էլեկտրական լամպի լույսը վարդագույն և թանձր ծծուն թուղթի վրա, որ դրված էր սեղանին առաջքը։ Փոքրիկ բյուրեղյա ծաղկամանի մը մեջ կային անտառի հոտավետ մյուգեներ։


Շմինեին դիմացը կտարածվեր բաց գրադարակ մը, ուր զետեղված էին, բացի ֆրանսիացիները, ամեն ազգերու և ժամանակներու պատկանող գրական մեծ հանճարներու գործերը՝ ֆրանսերենի թարգմանված: Շըմինեին մեջ փայտերու կրակը կհուրհրար, և մեջտեղի սեղանին վրա կախված դարբնված երկաթե լամպակալը իր չորս թևերով լույս կարձակեր:


Գետինը մերկ էր, բայց հղկուն, և փայլուն, ճերմակ և գռուզ ոչխարի մորթի մը կտարածվեր մահճակալին առաջ, ժանյակե վարագույրներուն փրփուրի պես թեթև ինկած ծալքերուն ներքև:


Երկու պատուհանները նույնպես կկրեին ժանյակե բրիզբիզներ և հարդի գույն, թանձր կրկին-վարագույրներ, որոնց վրա կկրկնվեին պատի պաստառին կարմիր ծաղիկները։


Միհրանը նստեցավ շըմինեին մեկ անկյունը դրված հանգըստավետ թիկնաթոռին վրա և սկսավ մտածել: Ան խառնիխուռն կմտածեր անցած օրվան, Մաննիկի, Յորկիի, Բարպայի և ուրիշ ընկերներու մասին, որոնք գիտեր, թե բավական վտանգավոր դիրքերու մեջ պետք էր ըլլային: Անիկա կմտածեր նաև իր կացության վրա և ընելիքին վրա։ Պարզ էր, որ այլևս չէր կարող երթալ իր գործատեղին։ Ուրեմն, ինչպե՞ս պիտի ապրեր: Իրեն խորշանք կպատճառեր սեփական աշխատանքն դուրս որևէ ուրիշ կարգադրություն ընդունիլը։ Իսկ ամենեն անմիջական և զարմանալի խնդիրը իր կացությունն էր այդ տան մեջ:

                         *
                      *     *

Միհրանը հանդարտությամբ կխորհեր Մարիայի մասին, բայց Բարունակի հիշողությունը զայրույթ և սրտնեղություն կպատճառեր իրեն։