Էջ:Barpa Khachik.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջին հանդիպման օրեն Բարունակը մտերմացեր էր Մարիա Սոլին հետ։ Անիկա իր միտքը տանջող բոլոր խընդիրներու մասին ավելի համախոհ գտնվեր էր Մարիայի հետ, քան թե Միհրանին հետ։ Մարիան կկարծեր, որ իր խորհուրդներով կկազմակերպեր Բարունակը, մինչդեռ անզգալաբար ինքը ինկեր էր Բարունակի ազդեցության տակ։ Մարիա Սոլի գերագրգռված տրամադրություններուն կհամապատասխանեին Բարունակի ցուցարար ցասումները, նզովքները տիրող կարգերու դեմ։ Շուտով Մարիան կարծեց, որ Բարունակը ավելի ուժեղ խառնվածք ունեցող մարդ էր, քան թե Միհրանը։ Երբ Մարիան Միհրանի հետ դուրս կելլեր, ինչ որ հազվադեպ էր, ոչ մեկ տարօրինակ բան չէր պատահեր։ Միասին կքալեին հասարակաց պարտեզներու մեջ կամ բուլվարին վրա ինչպես սովորական զույգ մը և երբ սրճարան մը կմտնեին, Միհրանը կզգուշանար միջադեպեր ունենալ գարսոններու կամ ուրիշ հաճախորդներու հետ, նույնիսկ երբ առիթը ներկայանար։ Բոլորովին ուրիշ բան Էր, երբ Մարիան Բարունակի հետ դուրս կելլեր, ինչ որ հաճախ կըպատահեր։ Երիտասարդը կմիջամտեր ամեն բանի, կջանար խրատել անցորդները կամ ուղղել որևէ անարդարություն։ Երբեմն անտարբերությամբ կլսեին Բարունակին, երբեմն ալ կհայհոյեին անոր կամ կռիվի կբռնվեին։ Սրճարաններու մեջ Բարունակը դժվարահաճություն ցույց կուտար, ըսելով, թե կոմունիստական հասարակարգի մեջ. այդպիսի կաթով սուրճ տվողը պիտի համարվեր ժողովուրղի թշնամի։ Անիկա կմերժեր որևէ նվեր տալ գարսոնին, ըսելով, թե նվաստացուցիչ է նվեր ստանալը և, վերջապես, անիկա հաճախ կկռվեր սրճարանի վերակացուին հետ, թե իրավունք չուներ այս կամ այն կերպ վարվելու իր ձեռքին տակ եղող աշխատավորներուն հետ։


Մարիան չէր հասկնար, որ այդ անվերջ բորբոքված վիճակը մեծ մասամբ արհեստական էր, նույնիսկ, թերևս, ակամա և հառաջ կբերեր շարունակաբար, առավել կամ նվազ անախորժ, միջադեպեր։


Մարիան Բարունակի հետ միշտ հուզմունքի մեջ էր, կարծես դասակարգային սուր պայքարի մեջ էր, մինչդեռ Միհ–