Էջ:Barpa Khachik.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այժմ ամբողջ նոր սերունդ մը կանգներ Է ոտքի… ան իր մեջ կկրե ինչ որ մեր սերունդը ուներ ամենաազնիվ և ամենաբարձր, և ան կզտե և դեն կշպրտե ինչ որ կար խառն և պղտոր մեր մեջ… և թո՛ղ աշխարհիս վրայեն վերնան բոլոր արյունարբու գազանները, ամեն տեսակի շահագործողները… և այժմ, որդի՛ս, աշխատի՛նք, օրը տարաժամեր Է, և մենք դեռ չենք կատարեր մեր օրական աշխատանքը։


Միհրանը, ոչ առանց հուզմունքի, դիտեց ծերունին, որ կվերցներ սղոցը։ Արևը հակեր Էր հորիզոնին վրա, և անոր ոսկի ճաճանչները շեղակի կթափանցեին անտառակի խտությունը և երկար սուրերու պես կուգային վերջանալու բացատի գետնին վրա, իրենց ոտքերուն առաջ։


Երբ ծերունին գետնեն գերան մը վերցնելով դրավ կոճղին վրա, պահ մը կանգ առավ և ժպտուն աչքերով նայեցավ Միհրանին։ Այդ պահուն բեկբեկ ճառագայթ մը ինկավ անոր ճերմակ մազերուն վրա, որ փայլփլացին և, կարծես, արծաթագույն պսակ մը կազմեցին անոբ բարձր ճակատին շուրջը։

                       *
                    *     *

Որոշված որը, ժամը հինգին ժամանակները, Մարիան եկավ Մոն-Պոր, հորենական տունը։ Օրը տաք Էր, և նույնիսկ քաղաքի մեջ եղեր Էր տոթ։ Մարիան հագած Էր բաց-դեղին կտավե ամառային թեթև հագուոտ և գլխուն դրեր Էր հարգե լայնեզր գլխարկ՝ ոև թավշյա ժապավենով մը զարդարված։ Անիկա ավանին մեջեն անցած ժամանակ առեր Էր երկու կիլոնոց երկարավուն հաց մը, որ կկրեր բազուկին վրա։ Այդպես թարմագեղ և աշխույժ, Մարիան կարծես կներկայացներ կենդանի պատկեր մը՝ պարզության և համեստության, որ կյանքի սնունդը կկարկառեր իր հարազատներուն:


Առավոտեն ի վեր Միհրանը անհանգիստ անհամբերությամբ կսպասեր Մարիային՝ քաղաքեն լուրեր ստանալու համար։ Անիկա, հակառակ իր կամքին, թուլությամբ կաշխատեր Ռընե Սոլին հետ և նույնիսկ երկար պահեր անգործ կմնար, անձնատուր իր մտածումներուն: