Անիկա դուրս ելլելու կպատրաստվեր, երբ դուռը զարնվեցավ։ Վիկտորյան արտորաց դուռը բանալու, և սենյակի սեմին վրա երևցավ Մաննիկը։
Անիկա՝ Մարիան տեսնելով, նախ ընկրկեցավ և հետո հառաջացավ վախվխելով։
— Ա՜հ, դո՞ւն ես, Մաննի՛կ,— ըսավ Մարիան բուռն եռանդով, և անոնք իրարու վիզ ինկան և հուզմունքով համբուրվեցան։
— Ո՞ւր է Միհրանը,— ըսավ Մաննիկը, և ան չի հեկեկալու համար թաշկինակին ծայրը կծամծմեր և փոխնիփոխ, անձկալի նայվածքով, կնայեր Բարպային, Մարիային և Վիկտորյային։
— Միհրանը ապահով վիճակի մեջ է, իմ ծնողքիս մոտ է,— ըսավ Մարիան, երկու բազուկները բանալով և հետո ավելցուց.— Միհրանը ինքը չափազանց մտահոգ էր քեզ համար, ես անոր բացարձակ խոսք տվեր էի գալ քեզ գտնել և քեզմե լուր տանիլ իրեն… Լավ որ եկար, Մաննիկ,— ըսավ ան,— հազար բան ունիմ ընելիք, և այսպիսով մեկ կարևոր գործս կատարվեցավ։
Վիկտորյան կրկին առաջարկեց Մարիային նստիլ, իսկ Մաննիկին նոր աթոռ մը բերավ դրսեն։
— Դո՞ւն ալ միտինգին եկեր էիր,— հարցուց Մաննիկը Բարպային։
Բարպան Մաննիկին հարցումը չի հասկցավ, և Մարիան անոր տեղ պատմեց, թե ինչ էր պատահեր Բարպային հետ, որքան որ հասկցեր էր երկաթագործի կցկտուր խոսքերեն։
— Իսկ դուն ինչպե՞ս դուրս եկար այդ կռվադաշտեն,— հարցուց Մարիան:— Միհրանը, անշուշտ, հետաքրքիր կըլլա իմանալու։
Մաննիկը պատմեց, որ ակնթարթի մը մեջ կորսնցուց Միհրանը և հանկարծ այդ խառնակության մեջ ինքզինքը զգաց մինակ, բարեբախտաբար, ծերունի մը, որ հետո գիտցավ, թե պրոֆեսոր էր, թևը մտավ և ըսավ.
— Փոքրի՛կս, մի՛ շարժիր, մի՛ բողոքեր, այսպես մեզ կկարծեն հայր ու աղջիկ և հանգիստ կթողուն։
Եվ իրավամբ, անոնք անվտանգ անցեր էին Սեն֊Միշել։