Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծերունին Պատվո լեգեոնի կարմիր կոճակ ուներ չամբակին, երբ ոստիկանները ուզեր են արգիլել անոր անցքը, պրոֆեսորը իր կոճակը ցույց տվեր է և անցեր են։


— Երբ հասանք դպրոցներու փողոցը,— ըսավ Մաննիկը,— պրոֆեսորը ուզեց, որ երթանք Պանթեոնի գինետունը և բան մը խմենք կազդուրվելու համար, ես մերժեցի, և իրարմե բաժնվեցանք, իրարու ձեռք սեղմելն հետո։ Ես,– ավելցուց Մաննիկը,— մինչև կեսգիշեր, քանի մը անգամ փորձեցի վերադառնալ նույն տեղը, ուր Միհրանը կորսընցուցեր էի, հետո ուզեցի անցնիլ Ելոզըրի-դե-Լիլա, այն հույսով, որ Միհրանը հոն կվերադառնա, բայց անկարելի եղավ։


— Միհրանը եկավ Կլոզրրի,— ըսավ Մարիան,— ես ու Բարունակը այնտեղ էինք, իրար գտանք։


— Մե՜ղք, որ չի կրցա անցնիլ,— ըսավ Մաննիկը,– ամբողջ գիշերը մտատանջ էի։ Իսկ այս առավոտ պետք էր գործիս երթայի, կմտածեի , եթե Միհրանը ազատ է, անպատճառ կուգա ինձ կերևա…


Այն միջոցին, որ Մաննիկը ըսավ, թե «ամբողջ գիշերը մտատանջ էի», Վիկտորյան արցունքոտ աչքերով նայեցավ Մաննիկին, և անոնց սրտագին նայվածքները խառնվեցան իրարու։ Վիկտորյան կհիանար Մարիայի վրա և կնկատեր միշտ այդ աղջիկը «երկնառաք հրեշտակ», բայց ինքզինքը շատ ավելի մոտ և ընտանի կզգար Մաննիկին։ Անոնց երկուքին զգացողության մեջ տեսակ մը խնամություն կար։ Վիկտորյան մտածեց, որ լավ կըլլար, եթե Միհրանը ամուսնանար Մաննիկին հետ, և անիկա անմիջապես տեսավ Մաննիկը իր տան մեջ, ընտանի և հարազատ, և երևակայեց, թե ինչպես, խոհանոցին մեջ, իրեն հետ պիտի սպասեր Միհրանին, ինչպես իրենց երկարին սրտերը ողողված պիտի ըլլային նույն մտերմական ջերմ զգացումով։ Եվ Վիկտորյան հառաչելով ափսոսաց, որ այդ բոլորը իրականություն չէր։

                         *
                      *     *

— Ես չուզեցի գալ Մոն-Պոր, առանց տեղեկություն ունենալու Յորկիեն,— ըսավ Մարիան Միհրանին։— Այս առա–