տեղ, մեր խորհրդային հայրենիքի մեջ, մեր երկրի աշխատավորներուն հարազատ Բարպան կըլլաս։
Բարպա Խաչիկը հանկարծ բռնկեցավ ոգևորությամբ և
ըսավ.
— Թո՛ղ սիրտս հանգիստ ըլլա, թո՛ղ արդարություն
ըլլա շուրջ բոլորս, թո՛ղ մարդիկ ուրախ ըլլան, և Բարպան
դեռ մուրճ ալ կզարնե սալին վրա։
Եվ անիկա ծանր բռունցքը զարկավ սեղանին։
* * *
Բայց առօրյա կյանքի անախորժությունները և տխրությունները թույլ չէին տար, որ Բարպայի մեջ ծաղկեր նոր երազը և մշտական տրամադրություն դառնար։
Բարպան երկու շաբաթեն պիտի թողուր Մըդոնի բնակարանը
և պիտի երթար Վիկտորյային հետ բնակելու Բրոկա
փողոցը, Յորկիի սենյակը։
Հուլիսի յոթնեն, սենյակի վարձքի եռամսյա վճարման
օրը, Բարպան գացեր վճարեր էր վարձքը և, դռնապանուհիին
կաշառք տալով, հաջողեր էր Յորկիի վարձակալության
պայմանագիրը փոխադրել իր անվան։ Ուրեմն, հոկտեմբերի
կեսերուն Բարպան և Վիկտորյան պիտի փոխադրվեին այնտեղ։
Անոնք արդեն շատ աժան գինով ծախեր էին իրենց
կարասիները, պահելով միմիայն անհրաժեշտը մեկ սենյակի
համար։ Իսկ այդ նույն օրը Բարպան պիտի երթար քաղաք՝
խնայողական դրամարկղեն վերցնելու իր վերջին փողը,
հազար ֆրանկ։ Բարպան հաշվեր էր, որ եթե կարասիներուն
փոխարժեքը բավականանա իրենց փոխադրության և
այլ ծախքերուն, այդ հազար ֆրանկը պետք է իրենց բավեր
գոնե երկու ամիս, իսկ հետո՞…
Բայց Վիկտորյան մեծ հավատք ուներ իր սեփական աշխատության
վրա։ Անիկա մեծ ճաշակ ուներ և հաջողությամբ
կկատարեր տրիկոտաժի պատվերները, որ ձեռնարկող
մը կուտար իրեն։ Այդ ձեռագործ պուլովերները, շանտայլները
կուղարկվեին Անգլիա և Ամերիկա, իսկ անոնց
նմուշները բարձր գիներով կծախվեին մասնավոր խանութ-