Էջ:Barpa Khachik.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չուներ, ստիպված էր ոչ միայն այդ նեղը ապրող մարդոց մեկ սենյակը գրավել, այլև ուտել անոնց հացը և բանջարեղենի ապուրը, անփոփոխ կերպով պատրաստված պրասով և գետնախնձորով, և որուն երեսը կծփային խնայողությամբ գործածված մարգարինի բոլորակներ:


Ընկերները կմտածեին Միհրանին փոխադրել ավելի հանգիստ տեղ, բայց կա՛մ այն էր, որ շատ զբաղած ըլլալով, անմիջապես չէին կարգադրեր այդ գործը և կամ այդ դժվար կարգադրվելիք գործ էր։ Երբ Պոլ Մարենը կվերադառնար գործե, Միհրանը հետաքրքրությամբ կնայեր անոր հոգնած դեմքին և կհարցներ.


Մեր ընկերները որևէ լուր չի ղրկեցի՞ն ինձ։


— Ո՛չ,— կըսեր անիկա վհատությամբ։


Օգոստոս ամիսը իր վերջավորության կհասներ, բայց տոթը դեռ կտևեր, և օդը անշնչելի կդառնար, մանավանդ գիշերը, բանվորական խիտ թաղերուն մեջ։


Ամառային եղանակին հատուկ փարիզյան այդ փողոցներու գարշահոտությունը, որ իր մեջ կբովանդակեր նեղ մայթերու եզերքեն բաց օգին հոսող աղբաջրերու, խոնավ և տաք բակերու մեջ զետեղված աղբարկղներու, փողոցներեն բարձրացող տաքացած կուպրի հոտերը և, վերջապես, կեղտոտ ճերմակեղենի, քրտնած և չի փոխված մարդկանց խճողումեն հառաջ եկած նողկալի և տարտամ հոտերը Միհրանը կմղեին մտածելու այն հսկայական գործերու մասին, որ դրված էին աշխատավորական զանգվածներու առաջ: Անիկա՝ իր փախստական կյանքի հետևանքով մոտեն ծանոթանալով փարիզյան շրջանի բանվորներու ներքին և ընտանեկան առօրյային հետ, կհասկնար, որ դեռ շատ բան անծանոթ մնացած էր իրեն։ Այդ թաղերը բնակող խիտ ազգաբնակչությունը հնարավորություն չուներ տեղեն շարժելու և գոնե քաղաքի շրջակայքի մաքուր օդը շնչելու:


Գոբըլենի թաղին մեջ այդ բոլոր հոտերուն կուգար կմիանար նաև մոտակա կաշիի գործարանի թանձր գարշահոտությունը։ Միհրանը, քրտինքով ողողված, բակի վրայի պատուհանին առաջ անքուն կանգներ էր, երբ գարշահոտության ավելի թանձր ալիք մը խուժեց սենյակեն ներս։ Անի–