Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կա պատուհանը փակեց և նետվեցավ խոտե տափակցած անկողնուն վրա, որու խորքերեն երեխայի մեզի հոտ կուգար և ուր անխուսափելիորեն կենթարկվեր լվերու խուժումին։


Երբ այգուն լույսը երևցավ դիմացի տանիքներուն վրա, Միհրանը իր որոշումը առեր էր. կերթար Մըդոն, և թո՛ղ պատահեր, ինչ որ պիտի պատահեր։


Պոլ Մարենը առավոտուն գործի երթալե առաջ տեսավ Միհրանը և հարցուց, թե արդյոք հանձնարարություն մը ուներ։ Միհրանը ըսավ անոր.


— է՜հ, ուրեմն, մոն վիյե, այս իրիկուն ժամը տասեն հետո ձեր սենյակը կպարպեմ։ Ես կերթամ Մըդոն, մորեղբորս տունը, այս հանգամանքը պետք է հայտնել ընկերներուն, անոնք Մըդոնի հասցեն գիտեն։

                         *
                      *     *

Հոկտեմբերի տասնչորսի երեկոյին, ժամը յոթին, Մաննիկը եկավ Մըդոն։ Անիկա Բարպայի հիվանդության ծանր օրերուն մեծ անձնվիրությամբ օգներ էր Վիկտորյային, հաճախակի եկեր էր այցելության։ Թե՛ Վիկտորյան և թե՛ Բարպան Մաննիկը կհամարեին հարազատ և ամեն անգամուն սիրով և ուրախությամբ կընդունեին անոր այցելությունը։


Մաննիկը այլևս բոլորովին դարձեր էր գիտակից աշխատավորուհի։ Անիկա դուրս էր եկեր ընկճված վիճակեն, ստացեր էր ինքնավստահություն և եռանդով կաշխատեր թե՛ իր սենդիքայի գծով և թե՛ հայ աշխատավորական կազմակերպություններու մեջ։ Անոր միտքը զարգացեր էր և շատ լավ կըմբռներ ներկայացած խնդիրներու նրբությունները։


Բայց ինչ որ հետաքրքրական էր, այն էր, որ Մաննիկը՝ լրջանալով և դառնալով ինքնավստահ, վերստին գտեր էր իր զվարթությունը, որը թեև կարտահայտվեր ուրիշ կերպ, բայց, ինչպես կըսեր Վիկտորյան, «տունը կլեցներ արևով»։ Անիկա վստահությամբ կնայեր ներկայի և ապագայի վրա, և այտերուն փոսիկները հաճախ կկազմվեին, մեծ բերկրանք պատճառելով Վիկտորյային և Բարպային։


Բայց այդ հոկտեմբերի տասնչորսի իրիկունը Բարպայի