տունը բացառապես տխուր էր։ Ծախված կարասիները տարեր էին, և մեկուսացած տունը կարծես կդողար ցուրտ քամիներեն: Խոհանոցին վառարանը չէր վառված, վարագույրները վերցված էին, և Վիկտորյան Միհրանի հետ կմաքրեր պարպված սենյակները։ Իսկ Բարպան՝ լուռ և խոհուն, կանցներ մեկ սրահեն մյուսը, և անոր դեմքին վրա դրոշմված էր զայրույթ և թախիծ։
Մաննիկը հանեց գլխարկը և վերարկուն և անմիջապես
ուզեց օգնել Վիկտորյային։
— Չէ՛, աղջի՛կս,— ըսավ Վիկտորյան,— հագուստդ կաղտոտես,
եթե կուզես բան մը ընել, Միհրանին հետ գացեք
խոհանոց, կրակը վառեցեք։
Միհրանը և Մաննիկը՝ ուրախ այս առիթեն, վազեցին
խոհանոց։ Անոնք նախ փորձեցին վառել վառարանը, որ
կարծես սրդողած տանը մեջ տիրող անկարգութենեն,
կմխար։ Վերջապես, երկուքով անոնք հաջողեցան հաղթել
վառարանի դիմադրության և վառված փայտերու վրա դրին
հանքածուխ, որ Վիկտորյան հավաքեր էր դույլի մը մեջ։
Երբ վառարանը սկսավ խորդալ, և մթնոլորտը սկսավ
հյուրընկալ դառնալ, Միհրանը հրավիրեց Մաննիկը նստիլ
սեղանին առաջ։ Ինքը մնաց ոտքի վրա և կդիտեր Մաննիկի
աչքերուն ծիածանին վրա ոսկեգույն բիծերը, որոնք կփայլեին
խոհանոցի մթնշաղին մեջ։
— Մաննի՛կ,— ըսավ Միհրանը,— երեկ ստացա անձնագիրս,
շուտով կմեկնիմ։
Մաննիկի նայվածքը պահ մը մթագնեցավ, բայց անիկա
անմիջապես ժպտեցավ իր այտերու փոսիկներով և ըսավ.
— Քեզ համար լավ կըլլա, Միհրան, ուրախ եմ, որ
նպատակիդ հասար։
Եվ անիկա կնայեր Միհրանին, կարծես ակնկալելով հուսատու
խոսք մը։
— Մտահոգ եմ,— ըսավ Միհրանը,— Բարպայի և Վիկտորյայի
համար, մինակ և անպաշտպան պիտի մնան։
Մաննիկը հանդիմանական շեշտով պատասխանեց.
— Քանի ես կամ, ո՛չ մինակ կմնան, ո՛չ անպաշտպան։
— Դու այդ կընե՞ս, Մաննի՛կ, կհոգա՞ս իրենց մասին։