Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամեն պարագային, Միհրա՛ն, այդ մասին վստահ եղիր։


— Բայց չէ՝ որ դուն ալ բեռնված ես,— ըսավ Միհրանը։


— Օ՜հ, մայրիկս,— ըսավ Մաննիկը,— այժմ լավ է, գտեր է բարեկամուհիներ, ամեն օր կերթա, ես համարյա մինակ եմ, Միհրա՛ն,— ըսավ Մաննիկը թեթև մը հառաչելով,— բայց մյուս կողմանե գոհ եմ, որ մայրիկս իրեն համար զբաղելու և զբոսնելու միջոց մը գտավ։ Այդ տան մեջ կիները տրիկո կընեն, մայրս ալ կաշխատի և, պետք է ըսել, գոհ է։


Երկու երիտասարդները պահ մը լուռ մնացին, հետո Միհրանը ըսավ.


— Ես կերթամ Մոսկվայի ճամփով և քանի մը օր Մոսկվա կմնամ Յորկիի հետ, որ կաշխատի այնտեղ։ Վերջին նամակով հայտներ Է, թե շուտով կստանա լավ բնակարան։ Երբ հասնիմ Մոսկվա, Յորկիի հետ կխորհրդակցինք և ամեն ջանք կընենք Բարպան և Վիկտորյան փոխադրելու այնտեղ, մենք անշուշտ կերթանք Հայաստան. գոհ և երջանիկ կըլլան:


— Ա՜հ, այո,— ըսավ Մաննիկը ,— միայն այնտեղ քեզ մոտ կամ Յորկիի հետ կարող են հանգիստ և ուրախ ըլլալ։


— Իսկ դուն,— ըսավ Միհրանը,— դուն չե՞ս ուզեր գալ Հայաստան,— և հանկարծ շառագունեցավ։


— Օ՜հ, ես… — ըսավ Մաննիկը և տարտամ շարժում մը ըրավ, և անոր աչքերը լեցվեցան արցունքով։


Միհրանը հուզմունքեն սարսռաց. անիկա հիշեց Զարեհ էֆենդիին տանը Մաննիկի համբույրը շրթներուն վրա։


— Կհիշե՞ս, Մաննի՛կ,— ըսավ Միհրանը բռնազբոսիկ ժպիտով, Զարեհ էֆենդիին տանը, երբ դուն… երբ մենք համբուրվեցանք։


— Երեխա էինք այն ժամանակ,— ըսավ Մաննիկը, և նայվածքը դարձավ երազուն։


Այն ժամանակ,— շարունակեց Միհրանը հապճեպով,— ես հաստատ համոզված էի, որ այդ համբույրը ինձ կհարկադրեր ամուսնանալ քեզ հետ։


Մաննիկը դեռ արցունքոտ աչքերով ժպտեցավ Միհրանին, և անոր ժպիտին մեջ անսահման քաղցրություն կար և գորովանք: