Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանը իր երիտասարդ մարդու սրունքներու ճկունությամբ կանցներ նրբանցքներեն, կբարձրանար սանդուղներե, դարձյալ կմտներ նրբանցքներու մեջ, կիջնար և հետո կրկին կբարձրանար ուրիշ սանդուղներե և երբեմն եթե ակնարկ մը կնետեր ետև՝ տեսնելու համար, որ Բարպան արդյոք ետ չէ մնացած, կտեսներ մորեղբայրը՝ քրտնաթոր ճակատով, կզակը սեղմած իր ճիգին մեջ, որ կհետևեր իրեն։


Երբ վերջապես դուրս կուգային այդ ընդհատակյա բավիղներեն, դուրսի խոնավ և ծանր օդը, հաճախ անձրևը, ցուրտը կխուժեին իրենց վրա, ինչպես նաև մեծ քաղաքի երբեք չի դադրող որոտուն աղմուկը, որը կազմված էր տրամվայներու, ավտոբուսներու և տաքսիներու անընդհատ և հևիհև ընթացքեն։


Բարպան կապշեր Միհրանի հանդգնության և ճարպկության վրա, երբ անիկա՝ չկրնալով հաղթահարել Բարպային ընդդիմությունը, առանց խոսք ընելու մորեղբորը ձեռքեն կբռներ և, հետևելով լայն փողոցներուն մեջ երկու ուղղությամբ սահող տաքսինեու և մյուս փոխադրական միջոցներու ընթացքին, անվերջ զիգզագներ ընելով, կանցներ դիմացի մայթը։ Երբեմն ալ փողոցին կամ ծառուղիին մեջտեղը կազմված պատվանդանի մը վրա կանգ կառնեին և կսպասեին, որ հսկող սերժանը իր մականը բարձրացներ. այդ նշանին վրա տաքսիները պահ մը խռխռալով կանշարժանային իրենց տեղերուն վրա, և անցորդները, միշտ շտապելով, կանցնեին, կազմելով առանձին առվակ մը, որ կթափվեր մայթերուն վրա հոսող մարդկային խիտ հոսանքներուն:


Դարձյալ արագ֊արագ Բարպան և Միհրանը կքալեին և ժամանակ չունեին կանգ առնելու ցուցափեղկերու առաջ, որոնք իրենց գեղեցկագույն ապրանքները կցուցադրեին անցորդներուն։ Երբեմն Բարպան տարակույսով կհարցներ ինքն իրեն, թե որո՞ւ համար են այդ ցուցադրությունները, քանի որ ոչ ոք ժամանակ չունի պահ մը կանգ առնելու, ակնարկ մը նետելու անոնց վրա։


Այսպես, Բարպան և Միհրանը կերթային զանազան հասցեներով գործ գտնելու համար և հաճախ, հակառակ իրենց շտապին, շնչասպառ ընթացքին, գործ տվողներու գիշենե–