րը փակ կգտնեին, որովհետև արդեն նոր աշխատավորներ ընդունելու օրական հաշիվը փակված կըլլար իրենցմե ավելի արագ շարժվողներով։ Բայց այդ փակ գիշեները, իրենց առթած հուսախաբության հետ, որևէ հնարավորություն չէին ընծայեր պահ մը կանգ առնելու, ընդհակառակը, ավելի արագ պետք էր վազել ուրիշ տեղ, ուրիշ հասցեի, սպառել օրվան հնարավորությունները, անցնիլ դարձյալ խճողված փողոցներու մեկ մայթեն մյուսը, մխրճվիլ մետրոներու կայարաններու մեջ, անցնիլ նրբանցքներե, իջնել և ելլել սանդուղներե, ակնթարթի մը մեջ մտնել վագոններու բացված դռներեն, որոնք իրենց ետևեն կգոցվեին երկու դռներու հանդիպումի չոր աղմուկով. ու դարձյալ սուրացող աֆիշաներ, դարձյալ մարդկային հոսանքներ, որ կմտնեն և կելլեն՝ հետզհետե ավելի նոսր, քանի ժամը կհառաջանար:
Ամեն օր Յորկին և ընկերները, ինչպես նաև թերթերը՝
իրենց ծանուցումներով և հաճախ ստապատիր առաջարկություններով,
կուտային բազմաթիվ հասցեներ, որոնց շարքը
պետք էր սպառել օրվան մեջ: Բարպան և Միհրանը հաճախ
ժամանակ չէին ունենար տուն վերադառնալու և ճաշելու և
եթե հոգնութենե և անոթութենե մղված կմտնեին բանվորական
ճաշարան մը կամ սրճարան մը, այդ կըլլար իրենց հանգիստը։
Բայց այնտեղ ալ, աղմկալի մթնոլորտի մեջ, ուր երբեմն
հերթի կսպասեին ազատ սեղան մը կամ պարզապես
տեղեր գրավելու համար, երբեմն կնստեին տարբեր սեղաններու
առաջ, և առանց մտածելու կընտրեին իրենց ճաշը,
կուտեին շտապովի տեղ տալու համար նորեկ հաճախորդներու,
որոնք կսպասեին իրենց ետևը կանգնած։
Առաջին շաբաթները անցան այդպես։ Բարպան և Միհրանը
տուն կվերադառնային ֆիզիկապես և բարոյապես
ջլատված իրենց ընդունայն դիմումներեն։ Վիկտորյան սենյակի
սեմին վրա կդիմավորեր զիրենք հարցական և անձկալի
նայվածքով և, հասկնալով, որ դեռ գործ չեն գտած,
տխրությամբ կդներ սեղանին վրա իր խնամքով պատրաստած
ճաշերը, որոնց համար ինքը իր կարգին գացեր էր հազար
տեղ, թե՛ լավ և թե՛ ավելի աժան ապրանքներ գտնելու
համար։ Այդ ժամանակ և կհասներ Յորկին։ Անոնք կճաշեին