Էջ:Barpa Khachik.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արագ, հազիվ թե խոսակցելով իրար հետ, և Յորկին ու Միհրանը ճաշեն անմիջապես հետո դուրս կելլեին։ Անոնք կերթային ժողովներու, դասախոսություններու և կամ այնպիսի սրճարաններ, ուր անհրաժեշտ հանդիպումներ կունենային ընկերներու հետ։


Միհրանը նախ մտավ Ռընոյի ֆաբրիկան՝ որպես սևագործ բանվոր, հետո Ռընոյի հաշվապահներեն մեկը, որ յունիտեր սենդիքայի մեջ էր, Միհրանը ներկայացուց Թոմսըն արդյունաբերական ընկերության Փարիզի մասնաճյուղին՝ որպես հաշվապահ։ Այն ժամանակ Բարպան քանի մը օր հանգստացավ։ Անիկա այնքան հոգնած էր գործ փնտրելու այդ անօգուտ արշավներեն, որ անշշուկ վայելեց օրվան մեջ որոշ երթալիք տեղ չունենալու հանգիստը։ Դարձյալ Բարպան առավոտյան կանուխ կելլեր և իր ձեռքովը կպատրաստեր Միհրանի նախաճաշը, երբ Վիկտորյան մութնուլուսուն գացած կըլլար կեդրոնական հալերը՝ ավելի աժան գինով մթերքներ առնելու համար։ Միհրանը, որպես հաշվապահ, մեկ ժամ բանվորներեն ուշ կերթար գործի, և այդ ժամը Բարպայի ժամն էր, անոր ամենեն հաճելի ժամն էր։ Անոնք իրար հետ կխոսեին աշխատանքի պայմաններու, նոր կյանքի զանազան երևույթներու և ապագա ծրագիրներու մասին։ Բարպան հաճույքով և զարմացումով կանդրադառնար, որ Միհրանը լավատեսությամբ լեցուն էր, միշտ ոգևորված և ուրախ։ Կարծես թե անիկա գաղտնիք մը ուներ, տեսակ մը անսպառ վստահության աղբյուր, ուրկե կքաղեր իր ուժերը։


Բարպան Միհրանին հետ կիջներ վեց հարկը, «Յումանիտեն» կառներ և կբարձրանար կրկին։ Անիկա Վիկտորյայի վերադարձեն առաջ կջանար սենյակը կարգի բերել, ինչ որ միշտ բողոքի առիթ կուտար։ Վիկտորյան կվշտանար, երբ Բարպան տան գործերով կզբաղեր, բայց նախկին վարպետ արհեստավորը՝ վհատության շարժում մը ընելով, կըսեր.


- Ի՞նչ ընեմ, Վիկտորյա՛, գոնե բանով մը ես ալ օգտակար ըլլամ։


— Դուն ժամանակին աշխատեր, քու պարտքդ էվել–էվելոք կատարեր ես,– կըսեր Վիկտորյան հուզված ձայնով, հիմակ ալ թող երիտասարդները աշխատին, քեզ պահեն…