Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆրանկնոց մը կուտար, երբեմն ալ հինգ ֆրանկնոց թղթադրամ մը։


— Դեռ երեկվան տվածեդ մանրուք մնաց քովս,— կսեր Բարպան։


— Հոգ չէ, էրիկ մարդ ես, թող քովդ դրամ գտնվի,— կսեր Վիկտորյան։


Յորկին և Միհրանը իրենց աշխատավարձը կհանձնեին Վիկտորյային, որ շատ ուշադիր էր այդ դրամը խնայողությամբ ծախսելու։ Բայց անիկա կփղձկեր՝ անդրադառնալով, որ Բարպայի նման մարդը, ուրիշներուն ձեռքին կնայի գրպանի դրամ ունենալու համար։


Բարպան շատ բան չէր ծախսեր այդ սրճարանին մեջ. անիկա սև սուրճ մը կխմեր, որ կարժեր 45 սանտիմ, և 10 սանտիմ կթողուր գարսոնին. իսկ մետրոյի երթևեկը իրեն կնստեր 60 սանտիմ։ Բայց անիկա երբեմն կստիպվեր անկոչ հյուրի մըն ալ կաֆեն վճարելու, կուգային կնստեին իր սեղանը և սուրճը խմելե հետո հանկարծ կանհետանային. երբեմն ալ բիսդաշ կամ կակաուետ կգներ և կբերեր Վիկտորյային։ Բարպայի մեծ ծախքերեն մեկն ալ մեկ ֆրանկի խորոված շագանակ գնելն էր, որ տաք-տաք կպահեր գրպանը և տուն հասնելով կդներ սեղանին վրա, Վիկտորյային համար։


Անիկա երբեք այդ սրճարանեն հեռու չէր երթար և Լաֆայետ փողոցի եռուզեռը ու խճողումը կդիտեր սրճարանի պատշգամբեն, ինչպես մեկը ծովի ափը կեցած կդիտե ալեկոծությունը։ Բայց ավելի կսիրեր տեղավորվիլ սրճարանին ներսը, մեկուսի անկյուն մը և ականջ դնել պոլսական մթնոլորտին հատուկ հնչյուններու, վանկերու։


Այդ մարդիկը կխոսեին ուրիշ սրճարանի մը մասին, որ կգտնվեր Լաֆայետ փողոցին վրա, և երբեմն պոլսական ճաշարաններու և այնտեղ պատրաստվող կերակուրներու մասին.


— Երեկ Լիլային քով բաթլիճան դոլմասի մը կար… ընտիր բան Էր… երկու անգամ ուզեցի… մեջը դալմիշ մը եղա