Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա, ամեն բանի վրա, նույնիսկ փոխված և ճամփուն վրա դրված հին հեռագրասյուներու վրա։ Եվրոպական կուլտուրայի այդ նյութական արտահայտությունները մտավորական և հոգեկան հուզում կպատճառեին երիտասարդին։ Անիկա գիտեր, որ նույնիսկ խճողված կայարաններուն մեջ իսպառ չի կային այն ցնցոտիներով կեղտոտ մարդիկը, որոնք նույնիսկ Պոլսո մեջ ազգաբնակչության մեկ մասը կկազմեին։


Մինչև Լիոն գնացքը հաճախակի կանգ առավ կայարանները: Անընդհատ իրենց ճամփորդության ընկերները կփոխվեին։ Առեր Էին երրորդ կարգի տոմսակ, և իրենց վագոնը կբարձրանային ամեն տեսակի մարդիկ, նույնիսկ գյուղացիներ՝ կողովներով բեռնավորված, բայց այդ բոլոր մարդիկը մաքուր Էին, կոկիկ հագված, նույնիսկ երբ կկրեին կապույտ կտավե բլուզ։ Մարդիկը քաղաքավարի Էին, ձև ունեին և իրենց փափագները և նույնիսկ պահանջները կկատարեին թույլտվություն խնդրելով և, կարծես թե, անընդհատ տեղի տալով ուրիշներու փափագներուն:


Լիոնի կայարանեն հետո Միհրանը անմիջապես անդրադարձավ ազգաբնակչության տարբերության՝ բաղդատմամբ հարավի ֆրանսիացիներուն. մարդիկ ավելի զուսպ Էին, նվազ շատախոս, բայց և նվազ սիրալիր, զինված ցուրտ քաղաքավարությամբ: Լիոնեն հետո գնացքը սուրաց ժամերով և ժամերով, և ահա անիկա կանգներ Էր նոր կայարանի մը առաջ։


- Ո՞ւր հասանք, Միհրա՛ն,— ըսավ Բարպան, ծխախոտի տուփը հանելով գրպանեն։


- Դիժոն ենք,— պատասխանեց Միհրանը,– վեց ժամ մնաց Փարիզ հասնելու։


Երբ գնացքը կրկին ճամփա ելավ, դեռ մութ Էր, բայց Միհրանը և Բարպան մնացին նրբանցքին մեջ, անհամբեր սպասելով այգին, որ պիտի լուսավորեր շրջանկարը: Անոնց հետախուզող աչքերուն երբեմն կերևային խուսափող առվակներ, առանձին ծառեր կամ բարձրաբերձ ծառերու շարք մը, որոնք, կարծես թե, վազելով կհսկեին գնացքի ընթացքին։