Էջ:Barpa Khachik.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանրին կբնակեր Փարիզի շրջակայքը, Մըդոն-ՎալՖլերի (Ծաղկյալ հովիտ) կոչված գեղեցիկ վայրին մեջ, ուր ուներ հորենական ժառանգությամբ երկհարկանի քարաշեն տուն մը՝ շրջապատված պարտեզներով: Հանրին նույնպես ֆրանսիացի բողոքական ընտանիքն էր, պարոն Բոնբառի բնիկ երկրեն, Նիմի շրջանեն: Անիկա կապրեր իր կնոջը և քրոջը հետ, որ այրի էր, ընտանեկան համերաշխ մթնոլորտի մեջ։ Քրոջը տղաքը տեղավորված էին գիշերօթիկ լիսեներու մեջ, իսկ իր երկու աղջիկները ամեն օր կերթային Փարիզ, կհետևեին կուրսերու բակալորեայի պատրաստվելու համար:


Հորենական փոքրիկ ժառանգություն մը, քրոջը թոշակը— կառավարական պաշտոնյայի այրի էր ան — և իր՝ Հանրիի ստացած աշխատավարձը ընտանիքին կապահովեին բարեկեցիկ կյանք: Հանրիի տունն ալ աղախին չի կար, և քույրը ու մասամբ աղջիկները ուրախությամբ և ժրաջանությամբ կաշխատեին տունը պահելու համար վայելուչ մակարդակի վրա: Հանրին իր ազատ ժամերը կհատկացներ տունը շրջապատող պարտեզը մշակելու, անիկա տանը առաջքի մասը վերածեր Էր ծաղկանոցի, իսկ ետևի մասը բանջարանոցի, որուն մեջ կային նաև պտղատու ծառեր։ Հանրին շատ վաղուց լսեր Էր հայերու մասին, անիկա շատ բան կարդացեր Էր հայասերներու հրատարակություններեն և հաճախ տանը խոսեր Էր այդ արմենիենի մասին, վերջապես, կինը օր մը ըսավ.


- Կիրակի մը հրավիրե այդ արմենիենը ճաշի, մենք ալ ծանոթանանք:


Առաջին անգամ, որ Բարպան այցելեց Հանրիի տունը, աչքերուն չի հավատաց: Գարնանային արևոտ և գաղջ օր մըն Էր, Հանրին կայարանը կսպասեր ընկերոջը: Միասին անցան Մըդոնի փողոցներեն: Ամեն կողմ՝ պարտեզներ և վիլլաներ: Երկաթյա ցանկապատերեն կերևային լավ պահպանված ածուներ և ծաղկյալ ծառեր, մեծ մասամբ լիլաներ, որոնք իրենց քաղցր բույրով կտոգորեին մթնոլորտը:


Հանրին իր հյուրը անցրնելով իր պարտեզի ցանկապատեն, նշմարեց անոր հաճույքը ի տես լավ խնամված պարտեզին և տունը մտցնելե առաջ առաջնորդեց պարտեզի ետե–